Արձանագրութիւն- Յուշակոթող Հայ Բիւրաւոր Նահատակների զոհւած 1915 թւականին Արեւմտեան Հայաստանում Թուրքիոյ պետութեան որոշումով - 1975

Ս. Ամենափրկչեան Վանքի շինարարութեանց մէջ ժամանակագրական կարգով վերջինը եղել է Հայկական Մեծ Եղեռնի զոհերին նւիրւած յուշարձանը, որը կանգնեցւել է Թուրքիոյ կառավարութեան կողմից հայութեան դէմ գործադրւած ցեղասպանութեան 60-ամեակի առիթով, երբ համայն աշխարհում, հայկական գաղութներում, հայ ժողովրդի քաղաքական զարթօնքը խորհրդանշող նման յուշարձաններ էին կառուցում:

Ս. Ամենափրկչեան Վանքի բակի հիւսիս արեւմտեան բաժնում 1975 թւականին կառուցւել է Մեծ Եղեռնի Բիւրաւոր Նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանը:

Յուշարձանի նախագծող-ճարտարապետ՝ պրն. Ալբերթ Աճեմեանը այսպէս է բնորոշել նրա խորհուրդն ու իմաստը:

«Յուշարձանը խորհրդանշում է երեք հիմնական գաղափարներ՝

ա. Հայ Ժողովրդի դէմ իրագործւած Ցեղասպանութիւնը, որը փաստօրէն ընդհատել է հայ ազգի բնական զարգացումն ու մշակոյթի ծաղկումը հայրենի հողում, որի խորհրդանիշը՝ քառակուսի նիստով դէպի կատարելութիւն ձգւող բուրգն է, հազարամեակների մշակոյթի սիմւոլը հանդիսացող զարդաքանդակներով պարուրւած, որը սակայն եղեռնագործութեամբ հատւել է խաչապատկեր հորիզոնական կտրւածքներով:

բ. հայ ժողովրդի վերածնունդն է խորհրդանշում Եղեռնից յետոյ, խաչանիշ հիմքի վրայ չորս ճիւղերով վեր խոյացած սիւները, որոնց պսակը կազմում է յաղթական կամարներով մի գմբէթ:

գ. Հայ Ժողովրդի անբնական իրավիճակն է՝ հայրենիք-սփիւռք իրականութիւնը, որը թէեւ խորհրդանշւում է երկփեղկւած բրգաձեւ սափորով, սակայն միացած է յաւերժութեան խորհրդանիշը կրող կենաց ջրի ցայտաղբիւրով»:

Մեր կողմից աւելացնենք, որ հետագային սոյն բաժինը վերածւել է կրակարանի, որտեղ բոցավառւում է Նահատակների յիշատակը յաւերժացնող կրակը:

Յատկանշելի է, որ այստեղ ամէն տարի ապրիլ 23-ի երեկոյեան եւ ապրիլ 24-ի առաւօտեան տեղի են ունենում Հոգեհանգստեան արարողութիւններ, մոմավառութիւն, հսկում, ոգեկոչման ու քաղաքական բնոյթի հանդիսութիւններ, որոնց իր խուռներամ մասնակցութիւնն է բերում Սպահանի հայութիւնը: