Սպահանում՝ պատմական շինութիւնների վերականգնման եւ զբօսաշրջային նպատակներով օգտագործման յանձնելու գաղափարի տարածումը, յատկապէս հայկական «Նոր Ջուղա» թաղամասում, Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեանը մղեց այս ուղղութեամբ քայլեր ձեռնարկել։ Նոր Ջուղայի հայոց երաժշտական թանգարանը այն բացառիկ նախագծերից էր, որն իրականացւեց նոյն նպատակով։

Իրանահայերը նշանակալի դեր են ունեցել ժամանակակից երաժշտության զարգացման եւ համաշխարհային դասական երաժշտութեան՝ Իրան ներմուծման գործում։ Հայ երաժիշտները համարւում են նաեւ իրանական էստրադայի հիմնադիրները եւ ստեղծել են մնայուն գործեր։

Երաժշտական ասպարէզի հայ արւեստագէտները, վերոնշեալից բացի, աչքառու դեր են խաղացել երաժշտական գործիքների պատրաստման եւ այս արհեստը ուսուցանելու գործում։ Այս ասպարէզի յայտնիներից է Յովհաննէս Աբգարը, որը յայտնի է «Եահեա» անունով։

Որպէս Երաժշտական թանգարանի վայր նկատի է առնւել Նոր Ջուղայի «Քոչեր» թաղամասում գտնւող կալւածը, որը 1958 թւականին, որպէս գիշերօթիկ, ազգային իշխանութեանն է նւիրւել  Եղիսաբեթ Աբրահամեանի եւ նրա զաւակների կողմից՝ իրենց հանգուցեալ ամուսնու եւ հօր՝ Արամ Աբրահամեանի յիշատակին։

2004 թւականին, անխնամակալ մանուկ-պատանիներ չլինելու պատճառով, դադարեցւել է կենտրոնի աշխատանքը, որից յետոյ ազգային իշխանութեան միջոցով վայրը վերածւել է երաժշտական դպրոցի եւ տրամադրւել Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» եւ «Տաթեւ» երգչախմբերին՝ փորձերի անցկացման համար, իսկ 2019 թւականին, ժամանակի Թեմական խորհրդի մտայղացումով առաջ է քաշւել երաժշտական թանգարան հիմնելու գաղափարը։ Թանգարանը այցելուների առջեւ իր դռներն է բացել 21 մարտ 2021 թւականին։

Այս մասնագիտական թանգարանում իւրօրինակ նմուշներով, վաւերագրերով եւ լուսանկարներով, ոչ միայն արտացոլւել է երաժշտութեան դերը՝ հայկական մշակոյթի եւ հոգեւոր կեանքում, այլեւ ներկայացւել են Իրանի երաժշտութեան պատմութեան մէջ իրենց առանցքային դերակատարութիւնն ունեցած հայ երաժիշտները՝ սկսած աշուղներից մինչեւ ժամանակակիցը, կոմպոզիտորները, նւագարանագործները եւ այլն:

Թանգարանի հինգ տաղաւարներն անւանակոչւել են համապատասխան ցուցադրւող առարկաների, որոնք են՝ «Եկեղեցական ղօղաջներ», «Աշուղական խաղեր», «Երաժշտական ռիթմ եւ հեւք», «Իրանական երաժշտութեան աստղաբոյլ» եւ «Գրադարան-ձայնադարան»։ Շէնքի կենդանի կատարումների դահլիճը, որտեղ թանգարանի տնօրէնութեան կողմից կազմակերպւող երաժշտական երեկոներից բացի, անց է կացւում նաեւ երաժշտական փորձեր, շոյելով այցելուների ականջը։

Թանգարանի առանձնայատուկ բաժիններից է «Նւագարանագործութեան արհեստանոց»-ը։ Այստեղ արւեստասէր այցելուները կարող են ծանօթանալ նւագարանների պատրաստման գործընթացին: