Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան Վանքն իր ամբողջութեան մէջ, ոչ միայն Նոր Ջուղայի ու իրանահայութեան, այլ անգամ համայն հայ ժողովրդի պարծանքն եղող մի հաստատութիւն է, որի հոգեւորականներից մի քանիսը բազմել են Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսական գահի վրայ։

   Վանքը տւել է նաեւ որոշ թւով գիտնական ու արժանաւոր հոգեւորականներ, ինչպէս էր Խաչատուր Վրդ. Կեսարացին, որ հիմք դրեց Միջին Արեւելքի առաջին տպարանին, նոր լոյս ու գիտութիւն սփռելով իր շուրջը, կամ տիեզերալոյս Յովհաննէս վարդապետը, որ Աւետարանը թարգմանեց պարսկերէնի եւ վէճի մտաւ իսլամ կրօնականների հետ, կամ Սիմէոն Վրդ. Ջուղայեցին, որ գրեց «Քերականութիւն» ու «Տրամաբանութիւն» գրքերը եւ այլն։Ս. Ամենափրկչեան Վանքը հիմնւել է հայերի Հին Ջուղա հաստատւելու առաջին տարում, այսինքն՝ 1606 թւականին, ուր կառուցւել է նաեւ փոքր մի եկեղեցի -որը յետագային վերակառուցւել է՝ Մայր Տաճար լինելու պահանջին յարմարեցւելով- ինչպէս եւ առաջնորդարան ու միաբանական սենեակներ (խուցեր)։

   Առաջնորդարանի հին շէնքը քանդւել է 1860-ական թւերին եւ Տաճարի հարաւ-արեւելեան կողմում կառուցւել է առաջնորդարանի երկյարկանի մի նոր շէնք, իսկ 1915 թւականին, Տաճարի արեւելեան կողմում կառուցւել է առաջնորդարանի մի այլ երկյարկանի շէնք, ինչպէս եւ որոշ փոփոխութիւններ մտցւել նախկին շէնքի մէջ։
   Հին առաջնորդարանը 1930-ական թւականներից մինչեւ 1970 թւականը, ծառայել է որպէս գրադարան, իսկ յետոյ որոշ նորոգութիւններով դարձել է առաջնորդարանի գրասենեակ-ընդունարան։
   1905-6 թւականներին Մայր Տաճարից դէպի հիւսիս, միաբանական նախկին խուցերի տեղում, կառուցւել է մի այլ շէնք, բարերարութեամբ Թադէոս Տէր-Յովհանեանի, ի յիշատակ իր հօր՝ Նոր Ջուղայի պատմագիր Յարութիւն Տէր-Յովհանեանի, որի ճակատին յախճապակու վրայ գրւած է «ԱՄԵՆԱՓՐԿՉԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ»։
   Այս շէնքը մինչեւ 1930-ական թւականները ծառայել է որպէս մատենադարան, իսկ երբ նոյն թւականներին հիմք է դրւել թանգարանին, գրքերը փոխադրւել են հին առաջնորդարանի շէնքը, ապա երբ 1971 թւականին, թանգարանի համար, դրա արեւելեան կողմում, կառուցւել է երկյարկանի մի առանձին շէնք, գրքերը կրկին փոխադրւել են իրենց նախկին տեղը, մատենադարան-գրադարանի շէնքի մէջ։
   1905-6 թւականներին, Մայր Տաճարի հիւսիսային կողմում, եկեղեցուն կից, կառուցւել են նաեւ երկու սենեակ, ինչպէս եւ կատարւել որոշ փոփոխութիւններ, Վանքի գլխաւոր մուտքի մօտ կառուցելով երկու սենեակ, իսկ դարպասի կողքերին բարձրացնելով երկուական քարէ սիւներ, գեղեցիկ շքամուտքով, որի վերեւում տեղադրւել է Վանքի նկարը յախճապակու վրայ։ Դարպասի մուտքի վերեւում 1931 թւականին, կառուցւել է մի քառակուսի աշտարակ, որի վրայ դրւել է չորս երես ունեցող մի մեծ ժամացոյց։
   1930-ական թւականներին կառուցւել է մատենադարանի մի նոր շէնք, իսկ դրա առջեւ 1975 թւականին, մի յուշարձան՝ ի յիշատակ 1915 թւականի Մեծ Եղեռնի մէկ եւ կէս միլիոն հայ նահատակների։
   Վանքի տպարանը հիմնւել է Խաչատուր Կեսարացի առաջնորդի ջանքերով եւ հանդիսանում է Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանը, որի առաջին գիրքը՝ «Սաղմոս Դաւթի», տպագրւել է 1638 թւականին, որից մինչեւ այժմ յայտնաբերւել է միայն մէկ օրինակ, որը գտնւում է Անգլիայի Օքսֆորդ քաղաքի Բոդլէեան գրադարանում, իսկ դրա լուսապատճէնը՝ Վանքի թանգարանում։
   Մայր Տաճարի արեւմտեան կողմում, 1702 թւականին, կառուցւել է մի եռայարկ շքեղ զանգակատուն, չորս քարեայ հաստ սիւների վրայ, Աղա Յովհաննէս Ջամալեանի ծախսով, որի հիւսիսային ճակատին, յախճապակու վրայ ունի պատշաճ յիշատակարան։