Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թեհրանահայութեան հոգեւոր առաջնորդն ասել է. «Հայերը որպէս քաղաքացիներ եւ ոչ թէ փոքրամասնութիւն, հանգիստ եւ խաղաղ կեանք ունեն Իրանի ժողովրդի կողքին եւ օգտւում են բոլոր իրանցիներին տրամադրւած հնարաւորութիւններից եւ դիւրութիւններից»։

Ուրբաթ օրը, գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը, երջանկայիշատակ Էմամ Խոմէյնիի վախճանման 25­րդ տարելիցին նւիրւած արարողակարգում, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների նահատակներին նւիրւած ժողովում ասել է. «Էմամ Խոմէյնին իր ձեռներեցութեամբ յաջողեց դէպի յաղթանակ առաջնորդել Իսլ. յեղափոխութիւնը»։

Նա, ընդգծել է. «Հայ նահատակները, իրանցի նահատակների կողքին պաշտպանել են յեղափոխութիւնը, ուստի սա սգոյ արարողութիւն չէ, այլ մեծարումն է մի վախճանեալ առաջնորդի յիշատակի եւ կրօնական փոքրամասնութիւնների ուխտի վերանորոգումն է Էմամ Խոմէյնիի գաղափարների հետ»։

Նոյն արարողութեան ընթացքում, Էմամ Խոմէյնիի յիշատակի մեծարման շտաբում կրօնական փոքրամասնութիւնների յանձնախմբի պատասխանատու՝ Մոհամմեդ Ռեզա Մովահեդին, ասել է. «Պատճառներից մէկը, որ Էմամը աշխարհում ճանաչւել է որպէս քաղաքական ու կրօնական առաջնորդ, նրա բազմակողմ անհատականութիւնն է»։

Ըստ պրն. Մովահեդիի՝ Իրանի կրօնական փոքրամասնութիւնները, իսլամի ռազմիկների կողքին ակտիւ ներկայութիւն են ունեցել, շինարարական, սրբազան պաշտպանութեան եւ իսլամական յեղափոխութեան պայքարի ոլորտներում։

Սոյն արարողակարգում Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի փոխնախագահ՝ Արա Շահնազարեանն ասել է. «Արդարատենչութեան շունչը պարզ նկատելի է Էմամ Խոմէյնիի բոլոր ելոյթներում»։

Նա յաւելել է. «Վերջին 35 տարում, իրանահայութիւնը, Իրանի ժողովրդի կողքին ոչ մի ջանք չի խնայել ի նպաստ շինարարական նախագծերի իրականացման եւ երկրի հասարակական ու տնտեսական ծրագրերի առաջ մղման»։

Շահնազարեանն ասել է. «Հայերը յուսով են, որ օրեցօր կը վերանան երկրի տնտեսութեանն ու արտաքին յարաբերութիւններին առնչւող դժւարութիւնները, ինչպէս որ՝ դկտ. Ռոհանիի նախագահութեամբ, Իրանը մեծ յաջողութիւններ է նւաճել միջազգային յարաբերութիւնների ասպարէզում»։

Վերոյիշեալ արարողութիւնը տեղի է ունեցել ուրբաթ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, որտեղ ոգեկոչւել է Էմամ Խոմէյնիի եւ Իսլ. յեղափոխութեան յաղթանակի նահատակների յիշատակը, իսկ կրօնական փոքրամասնութիւնները առ Աստւած աղօթել են հայ եւ իրանցի բոլոր նահատակների հոգիների խաղաղութեան համար։