Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

2014 թւականը համընկնում է Ս. Թադէոս առաքեալի՝ Թադէի վանքի ուխտագնացութեան 60­ամեակին։

Այդ առիթով այս տարւայ ուխտագնացութեանը մասնակցում են շուրջ 7 հազար հայորդիներ՝ իրանահայ համայնքի տարբեր թեմերից, Հայաստանից եւ Սփիւռքի տարբեր գաղթօջախներից։

Շաբաթ առաւօտեան, Թադէի վանքում մատուցւել է Ս. Պատարագ, որի ընթացքում ուխտաւոր հայերն աղօթել են Գազայի բնակչութեան եւ յատկապէս անպաշտպան երեխաների համար։

Ատրպատականի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ՝ Ռուբիկ Ջանանեանը, մեր թղթակցին տւած հարցազրոյցում ասել է, որ ուխտաւոր հայերը դատապարտում են Գազայում Իսրայէլի իրականացրած ցեղասպանութիւնը եւ գլուխ են խոնարհում զոհերի յիշատակի առջեւ։

Ի դէպ, արարողակարգին ներկայ Չալդրանի կուսակալ՝ Քարիմ Հոսէյնզադեն, նշելով, որ անհրաժեշտ բոլոր գործողութիւնները արւել են` ուխտագնացութեան յաջող կայացման համար, տեղեկացրել է նաեւ, որ այս տարի վանքի շրջափակում շահագործման է յանձնւել զբօսաշրջային նորակառոյց ճամբարը, տարւայ ընթացքում ուխտաւորներին եւ բոլոր այցելուներին կեցութեան ծառայութիւններ մատուցելու համար։

Նշելի է, որ Ս. Թադէի Վանքը, որպէս չափազանց արժէքաւոր յուշակոթող, գրանցւած է ԻՒ.Ն.Ե.Ս.Կ.Օ.­ի միջազգային մասշտաբով մշակութային ժառանգութեան յուշարձանների ցուցակում։

Յատկանշական է, որ ուրբաթ երեկոյան Վանքի շրջափակում վառւել է ուխտագնացութեան 60­ամեակը խորհրդանշող ջահը։