Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի Մարդու իրաւունքների միութիւնը (İHD) Հայոց ցեղասպանութեան 101-րդ տարելիցի կապակցութեամբ Ստամբուլում յիշատակի միջոցառում է կազմակերպել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Sփzcֆ.com լրատուակայքի տեղեկացմամբ՝ միջոցառմանը, İHD-ի ղեկավարներից ու անդամներից բացի, մասնակցել են նաեւ ֆրանսիացի սենատոր եւ հայ-ֆրանսիական բարեկամութեան խմբի ղեկավար Ֆիլիպ Քալթենբախը, Եւրախորհրդարանի պատգամաւոր Ժիւլի Վարդը, Եւրոպական հասարակական հակառասիստական շարժման նախագահ Բենջամին Աբդանը: Միջոցառումը սկսուել է նաւակով երթով, որի ընթացքում Լեման Շթեհնը հնչեցրել է հայերէն շարականներ: Միջոցառման մասնակիցները կրել են Ցեղասպանութեանը զոհ գնացած հայ մտաւորականների լուսանկարները:

Հայդարփաշայ կայարանում միջոցառման մասնակիցները երեք լեզուով՝ հայերէն, թուրքերէն եւ անգլերէն, մամուլի հաղորդագրութիւն են հրապարակել: Թուրքերէն  տեքստը ներկայացրել է İHD-ի իրաւապաշտպաններից Էրեն Քեսքինը: Հաղորդագրութեան տեքստում մասնաւորապէս ասուած է. «101 տարի առաջ այս օրը՝ 1915թ. ապրիլի 24-ին, սկիզբ առան հայ մտաւորականների ձերբակալութիւնները: Հայ բնակչութեան բոլոր խաւերի ներկայացուցիչները, մասնաւորապէս` մտաւորականները, բանաստեղծները, գրողները, լրագրողները, Սարայբուրնուից նաւերով բերուեցին այստեղ՝ Հայդարփաշայ: Ապա տարուեցին Անատոլիայի խորքերը՝ դէպի մահ: Շատ քիչ թուով մարդիկ կարողացան փրկուել: Նրանցից շատերը սպանուեցին: Ցեղասպանութեան գործընթացը, ըստ էութեան, այդ ձերբակալութիւններով սկսուեց»:

Յայտարարութիւնում նաեւ նշուել է, որ, ըստ Պոլսոյ հայոց պատրիարքարանի տուեալների, Օսմանեան կայսրութիւնում շուրջ 2 մլն հայ էր բնակւում: Նրանք զբաղեցնում էին 2.925 բնակավայր՝ քաղաքներ, գիւղեր, շրջաններ: Հայկական համայնքն ունէր 996 դպրոց, որոնցում սովորում էր 173.000 աշակերտ: Գործում էին նաեւ 2.538  եկեղեցի եւ վանական համալիր: «Ահա այսպիսի աշխոյժ հայկական համայնքը եւ նրա հասարակական կեանքը ոչնչացուեցին», - ասուած է İHD -ի յայտարարութիւնում:

Հաղորդագրութեան տեքստի հրապարակումից յետոյ մէկ րոպէ լռութեամբ յարգուել է Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակը, ապա եւս մէկ անգամ հնչեցուել են հայերէն երգեր, զոհերի յիշատակին մեխակներ են նետուել ծով: