Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 5-ին Իսպանիայի Թագաւորութեան երկու քաղաքներ՝ Պուենտէ Խենիլը (Puente Genil) եւ Ռոդա դէ Անդալուսիան (La Roda de Andalucվa), պաշտօնապէս ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը։

Համապատասխան բանաձեւերը երկու քաղաքներում էլ ընդունուել են քաղաքային խորհրդում ներկայացուած բոլոր քաղաքական ուժերի միաձայն համաձայնութեամբ։

Բանաձեւերում դատապարտւում է Թուրքիայի կողմից ժխտողականութիւնը եւ Իսպանիայի միւս քաղաքներին ու կենտրոնական իշխանութիւններին կոչ է արւում հետեւել իրենց օրինակին եւ նոյնը յորդորել Թուրքիային։

Համապատասխան որոշումների ընդունմանը յաջորդող ելոյթներում Պուենտէ Խենիլի եւ Ռոդա դէ Անդալուսիայի քաղաքապետերը շեշտել են այդ որոշումների կանխարգելիչ բնոյթը, մարդկութեան դէմ յանցագործութիւնների անժամկէտ լինելու հանգամանքը ու դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտութիւնը: