Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, որը 2015-ի ապրիլին Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան, հայցի քննութեան պահանջով նոր դիմում է ներկայացրել. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Դիմումով թուրքական բարձրագոյն դատարանից խնդրում են Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայցը դիտարկել առաջնահերթութիւնների շարքում, քանի որ 10 ամիս առաջ ներկայացուած հայցը դեռեւս քննութեան չի առնուել:

Ըստ թուրքական Haberturk.com թերթի կայքի` 2-րդ դիմումը ներկայացուել է 2 շաբաթ առաջ` կաթողիկոսարանի փաստաբան Ջեմ Սոֆուօղլուի կողմից:

Փաստաբանն ասել է, որ այս հայցը միտուած է ընդամէնը գոյքի վերադարձին եւ անցեալի իրադարձութիւնները քննարկելու նպատակ չունի:

«Եթէ յաղթենք, կը դիմենք առաջին ատեանի դատարան, որպէսզի ի կատար ածուի Սահմանադրական դատարանի որոշումը: Իսկ մեր հայցի մերժման դէպքում կը դիմենք Մարդու իրաւունքների եւրոպական դատարան»,- ասել է Սոֆուօղլուն:

Նա փոխանցել է նաեւ Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձը, որում մասնաւորապէս ասւում է. «Այս թեմայով Թուրքիայի հետ սակարկութիւն չենք անելու: Չենք ընդունում ոյ'չ վերականգնման, ոյ'չ մեր այցելութիւնների համար տրամադրելու եւ ոյ'չ էլ փոխհատուցման մէկ այլ տարբերակ: Միայն ցանկանում ենք, որ հետ վերադարձուի այն գոյքը, որն աւելի քան 800 տարի մեզ է պատկանել: Եթէ Թուրքիան ցանկանում է մտերմանալ հայ ժողովրդի հետ, ապա սա ամենայարմար պահն է»: