Աղբիւր՝ www.yerkir.am

 

Փետրուարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում կը քննարկուի Հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդիրը: Թուրքական Gercekgundem.com լրատուակայքի տեղեկացմամբ՝ Ցեղասպանութեան վերաբերեալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի Ձախերի  եւ Կանաչների կուսակցութիւնները: Փետրուարի  24-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ այդ նախագծերի քննարկմանը կը տրամադրուի 38 րոպէ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Յիշեցնենք, որ անցեալ տարի Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգուածային կոտորածները բնութագրել էր որպէս ցեղասպանութիւն: Թեմայի առնչութեամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանութիւնն ու ընդդիմութիւնը որոշում էին կայացրել՝ նախագծերը արտաքին յարաբերութիւնների եւ մարդու իրաւունքների յանձնաժողովին փոխանցել:

Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը  2015թ. մարտին հետեւեալ յայտարարութիւնն էր արել. «Օսմանեան կայսրութիւնում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածը ցեղասպանութիւն էր: Եւ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանութիւնը չէր»:

Իսկ Կանաչների կուսակցութեան համանախագահ Ջեմ Օզդեմիրը, յիշեցնելով, որ հայոց զանգուածային ջարդերը ցեղասպանութիւն են որակել եւ' Գերմանիայի նախագահը, եւ' խորհրդարանի նախագահը, նշել էր. «Անհրաժեշտ է, որպէսզի ամէն մէկը ձեռքն իր խղճին դնի ու հարցնի՝ եթէ այդ մարդիկ չմեռնէին, ինչպիսի՞ն կը լինէր այսօրուայ Թուրքիան: Այսինքն` եթէ հայերը, ասորիները, յոյները ապրէին, Թուրքիան բազմամշակոյթ լինէր, շա՞տ վատ կը լինէր: Ոչ, ընդհակառակը, այս առումով Թուրքիան շատ բան է կորցրել: Ցեղասպանութիւն իրականացրած երիտթուրքերը Սարիղամիշում թուրք զինուորներին էլ են ոչնչացրել: Երիտթուրքերն են կործանել Օսմանեան կայսրութիւնը: Հետեւաբար, նրանց պաշտպանելն անիմաստ է: Իւրաքանչիւրը պէտք է հարցնի ինքն իրեն, թէ ումից է ցանկանում օրինակ վերցնել»: