Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանում Հայոց ցեղասպանութեան մասին պատմող լուսանկարների ցուցահանդէս է բացուել, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է թուրքական «Memurler.net» լրատուակայքը:

Ցուցահանդէսը բացուել է նոյեմբերի 4-ին՝ ընդդիմադիր Ժողովրդայ-հանրապետական կուսակցութեան (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական Սէզգին Թանրըքուլուի, ԺՀԿ-ի՝ Քոնիայից պատգամաւոր Աթիլլա Քարթի, պրոֆէսոր Բասքըն Օրանի եւ Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախկին նախարար Էրթուղրուլ Գիւնայի մասնակցութեամբ: Նշւում է նաեւ, որ Չանքայայի ՏԻՄ մարմինների կողմից կազմակերպուած ցուցահանդէսը կը շարունակուի մինչեւ նոյեմբերի 22-ը:

«Վկայութիւններ մի հայ ընտանիքի կորսուած անցեալի մասին» խորագրով ցուցահանդէսում ներկայացուած են հայ լուսանկարիչներ Ցոլակ եւ Արամ Դիլդիլեան եղբայրների աշխատանքները: Լուսանկարները պատմում են ինչպէս Դիլդիլեան ընտանիքի պատմութիւնը, այնպէս էլ ներկայացնում Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան ժամանակներում երկրում բնակուող հայերի կեանքն ու ճակատագրերը, Հայոց ցեղասպանութիւնն ու գաղթը:

Աղբիւրի համաձայն՝ ցուցահանդէսը յարուցել է Թուրքիայի մի շարք քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակների զայրոյթն ու բողոքը: Մասնաւորապէս՝ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեօքչէքը Twitter-ում հետեւեալ գրառումն է արել. «Ամօթ Չանքայայի իշխանութիւններին: Հայ լուսանկարչի աշխատանքներով հայոց ջարդերի ցուցահանդէս է բացուել: Անկեղծ ասած՝ քեզանից չէի սպասում, Ալփեր Թաշդելեն»: