Աղբիւր՝ www.artsakhpress.am

 

Google ընկերութիւնն ԱՄՆ Կոլորադօ նահանգի Կապիտոլիումի շէնքի տարածքը, որում 6 ամիս առաջ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած խաչքար է տեղադրուել, աւելացրել է իր քարտէզում։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այդպիսով՝ Կոլորադոն Հայոց ցեղասպանութիւնը խաչքարի յուշարձանով իր Կապիտոլիումի տարածքում յաւէրժացրած ԱՄՆ առաջին նահանգն է դարձել։

Հոկտեմբերի 20-ին Google Maps-ի թիմը տեղեկացրել է «Կոլորադոյի հայեր» կազմակերպութեան՝ խաչքարի հարցերով յանձնաժողովի ղեկավար Սիմոն Մաղաքեանին, որ «Կապիտոլիումի շէնքի տարածքում գտնուող Հայոց ցեղասպանութեան յուշարձանի այգին ներառուել է քարտէզում»։

Որպէս կազմակերպութեան յանձնաժողովի ղեկավար՝ Մաղաքեանը նախաձեռնել էր Կապիտոլիումի շէնքը խաչքարի յուշարձանով զարդարելու ուղղութեամբ ջանքերը։

Խաչքարը բացուել է 2015 թուականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի օրը։ Այն բացել են Կոլորադոյի նահանգապետ Ջոն Հիքենլուփերը եւ «Կոլորադոյի հայեր» կազմակերպութեան ղեկավարները։

Կապիտոլիումը, որը տարեկան ունի 250.000 այցելու, մի քանի նշանակալի իրադարձութիւններ է յիշատակում իր տարածքում։ Կոլորադոյի մեծահոգի արձագանքը Հայոց ցեղասպանութիւնը վերապրածներին օգնելու հարցում յիշատակուել է խաչքարն ուղեկցող յուշատախտակին։

Կոլորադոյի Կապիտոլիումի խաչքարն աւելացել է արդէն գոյութիւն ունեցող Հայոց  ցեղասպանութեան յուշարձանի այգում, որը «Կոլորադոյի հայեր» կազմակերպութիւնը հիմնել է 1982 թուականին եւ վերանորոգել է 2015-ին։

Կոլորադոյի խաչքարը պատրաստուել է Հայաստանում Վարազդատ Համբարձումեանի (Վարպետ Վարօ) կողմից: Ծրագիրն իրականացուել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրուող դրամաշնորհային ծրագրի եւ ՀԵՀ-ի յայտարարած մրցոյթի շրջանակներում: Դա միջնադարեան Ջուղայի խաչքարի կրկնօրինակ է, որոնք ոչնչացուել են ադրբեջանական բանակի կողմից 2005 թուականի դեկտեմբերին:

«Հայոց ցեղասպանութեան յուշարձանի այգու ներառումը Google Maps-ում անգամ աւելի շատ այցելուներ կը բերի տարածք»,- նշել է «Կոլորադոյի հայեր» կազմակերպութեան նախագահ Սոնա Հեդեշեանը։

«Մենք կը հաւաքուենք այգում մոմավառութեան համար 2015 թուականի դեկտեմբերի 6-ին՝ Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցն ամփոփելու, Ջուղայի խաչքարերի ոչնչացման 10-րդ տարելիցը յիշատակելու եւ բոլոր ցեղասպանութիւնների վրայ լոյս սփռելու համար»,- յաւելել է նա։