Աղբիւր՝ www.tert.am

 

Հայերի/ասորիների ցեղասպանութեան առումով թուրքական արխիւների բաց ու հասանելի լինելու մասին պնդումները շատ հեռու են ճիշտ լինելուց, գրում է devrimcikaradeniz.com կայքը։

«Այո՛, արխիւները բաց են, սակայն միայն թուրքական պետական շահերի համար աշխատող հետազօտողների համար»,- գրում է կայքը։

Թուրքական արխիւներ մտած մի քանի հոգուց մէկն էլ Լոնդոնի Կոմիտասի անուան ինստիտուտի տնօրէն Արա Սարաֆեանն է: Սակայն նա էլ չափազանց սահմանափակ բաներից է կարողացել օգտուել:

Իր յօդուածներից մէկում Սարաֆեանը գրում է. «Արխիւների պաշտօնեաներն իրաւունք ունեն առգրաւել բոլոր փաստաթղթերը եւ միայն որոշներն են թոյլ տալիս ուսումնասիրել։ Փաստաթղթերի պարունակութիւնը նախ կարդում են՝ ուսումնասիրողին տրամադրելուց առաջ, եւ արխիւի աշխատակիցն է որոշում՝ նիւթերը յանձնե՞լ հետազօտողին, թէ՞ ոչ»:

Սարաֆեանը Թուրքիայից հեռանալուց կարճ ժամանակ անց «պերսոնայ նոն գրատայ»՝ «անցանկալի անձ» յայտարարուեց, չեղարկուեց նաեւ նրա թուրքական վիզան, յիշեցնում է կայքը։

«Դառնանք Հայաստանի արխիւներին։ Սակայն դրանից առաջ հարկ է հարցնել, թէ հայկական արխիւներում ցեղասպանութեան լինելը ժխտող պետութեան կողմից իրականացուած ցեղասպանութեան վերաբերեալ ի՞նչ է հնարաւոր գտնել»,- գրում է լրատուամիջոցը։

Եթէ Թուրքիային մեղադրում ենք արխիւները չբացելու համար, այդ դէպքում ցեղասպանութեան մասին այդքան բան որտեղի՞ց գիտենք, գրում է լրատուամիջոցը։ Պատասխանն այստեղ է. Թուրքիայի արխիւներին հասնել ու ուսումնասիրել չենք կարողանում, սակայն Գերմանիայի, Աւստրիայի, Հունգարիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների արխիւները կարողացել են մէկտեղել (նկատի ունենալով հայկական կողմին-Խմբ.)։

Եթէ ոմանք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Ամերիկայի փաստաթղթերը ռազմական քարոզչութիւն կոչելով փորձեն շրջանցել, Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի եւ Աւստրոյ-Հունգարիայի մօտ առկայ փաստաթղթերի վերաբերեալ նման պնդումներ անելը շատ ծիծաղելի կը լինէր։

Դրանց ի յաւելումն, առկայ են նաեւ Շուէդիայի նման անկողմնակալ երկրի արխիւները, որտեղ ցեղասպանութեան պատմական իրողութիւնը հաստատող անթիւ փաստաթղթեր կան։