Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ամենամեծ հալածանքներից մէկը տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, եւ հայերին հետապնդել են միայն քրիստոնեայ լինելու համար։ Այդ մասին յայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի օրը մատուցած պատարագի ժամանակ։

Հռոմի պապը երկուշաբթի առաւօտեան պատարագ է մատուցել Կիլիկիայի նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյեանի հետ Սանտա Մարթա բնակավայրում գտնուող մատուռում։

Հռոմի պապն անդրադարձել է մեր օրերում քրիստոնեաների հալածանքներին՝ նշելով, որ դա տեղի է ունենում գերտէրութիւնների յանցակից լռութեամբ։

Անգամ այսօր, գուցէ աւելի շատ, քան հին ժամանկներում, քրիստոնեաները հալածւում են, սպանւում, վտարւում քրիստոնեայ լինելու համար, ասել է նա:

«Այսօր նոյնպէս դա տեղի է ունենում ողջ աշխարհում շատ առաջնորդների յանցակից լռութեամբ, ովքեր կարող էին դա դադարեցնել»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Նա յիշել է, որ ամենամեծ հալածանքներից մէկը տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ:

«Առաջին ժողովուրդը, որ քրիստոնէութիւն է ընդունել։ Նրանք հետապնդման են ենթարկուել պարզապէս քրիստոնեայ լինելու համար: Հայ ժողովուրդը հետապնդուել է, քշուել իր հայրենիքից՝ անօգնական, անապատում»,- ասել է Հռոմի պապը:

Նա ողջունելով հայ պատրիարքին, հաւատացեալ հայ ժողովրդին եւ հոգեւորականներին՝ նշել է, որ ցանկանում է յիշել հայ ժողովրդի նկատմամբ հալածանքները եւ այն սրբերին, որոնք մահացել են սովից, ցրտից, խոշտանգումներից՝ միայն քրիստոնեայ լինելու համար: Հռոմի պապն իր աղօթքի վերջում խնդրել է Աստծուն բոլորին այն ուժով օժտել, որ ցոյց են տուել քրիստոնեայ նահատակները եւ յատկապէս հայ քրիստոնեաները: