Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Իսրայէլի խորհրդարանի՝ Քնեսէթի կրթութեան հարցերով յանձնաժողովն Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը մէկ ու կէս ժամ քննարկելուց յետոյ հաստատել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման օրինագիծը, որով երկրի կառավարութեանն ու խորհրդարանին կոչ է անում պաշտօնապէս ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, իսկ կրթութեան նախարարութեանն՝ առաւել խորն ուսումնասիրել Ցեղասպանութեան իրողութիւնն ուսուցանելու հարցը:

Քննարկմանը ներկայ է եղել նաեւ Կը նեսէթի խօսնակ Յուլի-Եօել Էդելշտեյնը, որի անսպասելի ներկայութիւնը դիտուել է որպէս հարցի կարեւորութեան շեշտում: Իսկ նրա ելոյթն, ըստ ներկաների, նման էր պայթող ռումբի՝ ի նպաստ Հայոց ցեղասպանութեան ճանաչման:

Միւս ելոյթները եւս ի նպաստ ճանաչման են եղել: Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը միայն փորձել է հաւասարակշռել դիրքորոշումները, բայց՝ ապարդիւն:

Ելոյթներում կարծիք է հնչել, որ Իսրայէլի համար ոչ միայն բարոյական, այլեւ քաղաքական առումով է ճիշտ ժամանակը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանութիւնը:

Այսպիսով, բանաձեւի նախագիծը կ'ուղարկուի լիագումար նիստում քննարկման: Սպասւում է, որ դա տեղի կ'ունենայ առաջիկայ ամիսներին, առաւել հաւանական է՝ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: