Աղբիւր՝ www.hyeli.com

 

Միացեալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում յայտնաբերւել են Հայոց ցեղասպանութիւնից փրկւած հայերի բացառիկ տեսանիւթեր, որոնց վրայ պատկերւած է, թէ ինչպէս են հայ փախստականներն ու որբ երեխաները տեղափոխւում, այնուհետեւ՝ նաւակներով հեռանում Թուրքիայից:

Տեսանիւթերը բացառիկ են, քանի որ նախկինում համարւում էր, որ ցեղասպանութեան տարիներին Եղեռնից փախուստի դիմած հայերը պատկերւած են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով, Կոնգրեսի գրադարանում յայտնաբերւած տեսանիւթերը հայերին ցեղասպանութեան տարիներին պատկերող առաջին յայտնի տեսագրութիւններն են:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»­ը, տեսանիւթերը հաստատւել եւ վերականգնւել են մասնագէտների կողմից եւ ցուցադրւելու են Իտալիայում այս օրերին անցնող Վերականգնւած կինօ Բոլոնիայի 29-րդ կինօփառատօնի ժամանակ՝ «Հայաստան՝ մարդասիրութեան բնօրրան» ընդհանուր վերնագրով:

Փառատօնի պատասխանատու Մերիան Լւինսքին, որի օգնութեամբ բացայայտւել են այդ բացառիկ տեսանիւթերը, պատմում է, որ տեսանիւթերը նկարահանւել են 1923 թւականին Թուրքիայի տարածքում. «Ես նկատեցի, որ տեսագրութիւնների վրայ Ստամբուլի յայտնի վայրերն են պատկերւած: Դա Ստամբուլն է, եւ այնտեղ պատկերւած է մանկատունը, որում պատերազմից յետոյ բրիտանացիք հայ որբ երեխաներին էին խնամում, մինչ Ստամբուլից նրանց տեղափոխելը»:

Լւինսքին պատմում է, որ տեսանիւթերի բացայայտումն ուղղակի հրաշք էր: Մինչ Կոնգրեսի գրադարանում յայտնւելը, տեսանիւթը պահւել է Օրեգոնի պատմական հասարակութեան պահոցում: Դրա հեղինակը դեռեւս անյայտ է: