Աղբիւր՝ www.armenpress.am

 

Ֆրանսահայ յայտնի գրող, Elle ամսագրի նախկին գլխաւոր խմբագիր Վալերի Թորանեանի ընտանիքի պատմութիւնը յայտնուել է ֆրանսիական մամուլի եւ հասարակութեան ուշադրութեան կենտրոնում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie պարբերականը, Թորանեանի «Օտարերկրացին» գիրքն արժանացել է ամենամեայ «Մադամ Ֆիգարոյ» մրցանակաբաշխութեան գլխաւոր մրցանակին: Թորանեանն իր գրքում պատմում է Հայոց ցեղասպանութիւնից փրկուած տատիկի` Աղաւնու մասին:

««Օտարերկրացին» գրքի պատմութիւնը սարսափելի է եւ ապշեցնող: Այն պատմում է հայերի ողբերգութեան մասին, այն սարսափելի  իրավիճակի մասին, որում յայտնուել են հայերը: Կանայք, ովքեր սովից եւ շոգից թուլացած, տեսնելով, թէ ինչպէս են խոշտանգում իրենց ամուսիններին, երեխաներին, վշտից խելագարւում էին, փորձում ինքնասպան լինել»,- ասել է Թորանեանը` յաւելելով, որ ողբերգութիւնը չի կոտրել հայ ժողովրդին եւ Ցեղասպանութիւնից փրկուածները կարողացել են նոր կեանք ստեղծել` միեւնոյն ժամանակ իրենց եւ սերունդների յիշողութեան մէջ պահելով այն սարսափելի ոճիրը, որ կատարուեց նախորդ դարի սկզբին: