Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի Փերիոյ շրջանի պատգամաւոր Ջանի Նազարեանից տեղեկացանք, որ սոյն շրջանի Բոլորան հայաբնակ գիւղի բնակչութիւնը մի շարք միջոցառումների կազմակերպմամբ ոգեկոչել է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը:

Բոլորան գիւղը գտնւում է Սպահան նահանգի արեւմտեան մասում, Սպահան քաղաքից 160 կ.մ. հեռաւորութեամբ, որի բնակչութիւնն ամբողջութեամբ հայեր են: Նրանք հաւատարիմ մնալով իրենց եկեղեցուն, հայկական արժէքներին ու մշակոյթին, նաեւ արդար աշխատանքի շնորհիւ, երկար տարիներ իրենց ծննդավայրը շէն ու կանգուն են պահել, միաժամանակ ջանք չեն խնայել Հայ դատի աշխատանքներին սատարելու ուղղութեամբ:

Քանի որ 2015 թւականը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի լրանալու պատճառով անկիւնադարձային տարի է համարւում հայ ժողովրդի համար, հայկական պահանջատիրական պայքարին միանալու նպատակով, «Յիշում եմ ու պահանջում» նշանաբանի ներքոյ, Բոլորան գիւղի հայութիւնը նոյնպէս իր արդար ձայնը լսելի դարձրեց  եւ մի շարք միջոցառումների կազմակերպմամբ ոգեկոչեց առիթն ու հատուցում պահանջեց ցեղասպան հանցագործից:

Գիւղի բնակիչներն Ապրիլի 24-ին նախորդող օրերի ընթացքում պատերին էին փակցրել պահանջատիրական որմազդներ եւ պարսիկ հայրենակիցների միջեւ բաժանել էին պարսկերէն լեզւով հատուցում պահանջող կոչեր: Ապրիլ 23-ի երեկոյեան, գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, կազմակերպւել էր մոմավառութիւն՝ ի յիշատակ Մեծ եղեռնի բիւրաւոր նահատակների, որին մասնակցել էին գիւղի պահանջատէր ժողովուրդը:

Իսկ Ապրիլի 24-ի առաւօտեան, Մեծ եղեռնի բիւրաւոր նահատակների յիշատակը ոգեկոչելու եւ բողոքի ցոյց կատարելու նպատակով, գիւղի բնակիչները համախմբւել էին 1915 թւականին Իրան գաղթած եւ Բոլորան գիւղում իր մահկանացուն կնքած Կէնեազ Ալեքսանդրեան անունով մի հայորդու շիրիմի մօտ, ուր խունկ է ծխւել եւ աղօթք բարձրացւել առ բարձրեալն Աստւած: