«Ես ձեզ կենդանութեան շունչ պիտի տամ, Իմ հոգիս պիտի տամ ձեզ, պիտի ձեր գերեզմանները բանամ եւ ձեզ ձեր գերեզմաններից դուրս բերեմ, եւ ձեզ ձեր երկիրը պիտի վերադարձնեմ» (Եզ. 37:12-14):

Եզեկիէլ մարգարէն Բաբելոնի գերութեան մէջ ականատես էր դառնում իր ժողովրդի յուսահատ կեանքին, գիտակցելով, որ ժողովրդի հաւատքը տկարանում էր, եւ մի խօսքով՝ նրա գոյութիւնը վտանգւում էր: Իր տագնապի մէջ ահա աստւածային մի տեսիլքի է դէմ-յանդիման կանգնում, երբ ականջալուր է լինում աստւածագոչ ահեղ պատգամի. «Ձեր գերեզմաններից դուրս պիտի բերեմ եւ ձեզ ձեր երկիրը պիտի վերադարձնեմ»:

Մարգարէական այս տեսիլքը եւ Աստւածապատգամ խոստումը, պատասխան էին այն ոգուն, որ ժողովուրդը աքսորի ամենադաժան օրերին անգամ երգի վերածեց եւ դարձաւ ապագայ սերունդները կոփող, ոգեշնչող Դաւթեան սաղմոս, որի բառերը, ամենայուսադրող եւ ամենաուժեղ կերպով, հայրենասիրական զգացումներով ճառագած, մութ բաւիղներում հոգիների փարոսը հանդիսացան.

«Եթէ մոռանամ քեզ, Երուսաղէ՜մ,

Թող իմ աջը մոռանայ ինձ:

Թող լեզուս քիմքիս կպչի,

Թէ քեզ չյիշեմ,

Եթէ իմ ուրախութեան սկզբում

Նախ քեզ, Երուսաղէ՜մ,

Չգովաբանեմ» (Սղ. 136:5-6):

Այո՛, Բաբելոնում աքսորի մէջ մի ժողովրդի երգն էր՝ հայրենիք վերադառնալու տեսիլքով տրոփուն, տառապող ժողովրդի տագնապի ձայնն էր՝ հայրենի հողի կարօտով տոչորուն: Կարօտը տեսիլքի վերածած ժողովուրդը մի երանելի օր էլ յանկարծ բռնեց տուն դարձի ճանապարհը:

Աստւածային այս խոստումը նոյնութեամբ դարձաւ նաեւ մեր ժողովրդի յուսադրիչ պատգամը՝ անցեալ ամբողջ 100 տարիների ընթացքում: Մեր նահատակների, բայց, մանաւանդ, վերապրող սերունդի տեսիլք-երգն եղաւ նաեւ քնարերգակ բանաստեղծի բառերը, այս անգամ հայրենազուրկ, բայց հայրենատեսիլ մեր ժողովրդի լեզւով.

«Եթէ մոռանամ քեզ, Հայաստա՜ն,

Թող իմ աջը մոռանայ ինձ:

Թող լեզուս քիմքիս կպչի,

Թէ քեզ չյիշեմ,

Եթէ իմ ուրախութեան սկզբում

Նախ քեզ, Հայաստա՜ն,

Չգովաբանեմ»:

Այս սաղմոսերգը մեզ փոխանցեցին մեր նահատակները իբրեւ տեսիլք, երգ եւ պատգամ: Նրանք մեզ տւեցին գաղտնիքը մեր իսկ գոյութեան: Այն պահին, երբ մեր մարգարէները կանգնել էին մեր ժողովրդի չորացած ոսկորներով լեցուն ձորերուն առջեւ:

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցն է: 100 տարի է անցել... Սակայն իւրաքանչիւր հայի գիտակցութեան մէջ անջնջելի է պատկերը Ապրիլեան Մեծ Եղեռնի, մեր թշնամու՝ թուրքի կողմից ծրագրւած եւ սառնասրտօրէն իրագործւած Ցեղասպանութեան հրէշային պատմութիւնը:

Եղան ժամանակներ, երբ ազգովի լացեցինք, ողբացինք, սգացինք եւ «ողբի հայրենիք» երգեցինք: Գուցէ եւ բնական էր, այսպէս էլ պէտք է լինէր. իր կորուստները չլացող ժողովուրդը, արժանի չէ նրանց վերյառնման առթած ուրախութեան: Եկան ժամանակներ, երբ ազգովի սթափւեցինք, աւելի զգօն դարձանք, հաւաքեցինք մեր ուժերը, մեր կամքերը պրկեցինք եւ յիշեցրինք աշխարհին, որ մենք արդար իրաւունքներ ունենք եւ պայքար ունենք:

Միմեանց յաջորդելով անցան՝ 50-ամեակը, 60-ի, 70-ի, 80-ի, եւ 90-ի ամեակները եւ մենք ազգովի շարունակեցինք նախ յիշել, յիշեցնել ու պահանջել: Իր մեռելներին նախ իր համար չյիշող ժողովուրդը իրաւունք էլ չի ունենայ յիշեցնելու նրանց մասին այլոց:

Ճիշտ է, որ մահը հետապնդեց մեզ ուրւականի պէս ամենուրեք, սակայն մենք ԿԵԱՆՔԻՆ նայեցինք, չկորցրինք յոյսն ու հաւատը, եւ Սփիւռք նետւած որպէս ժողովուրդ՝ կառչած մնացինք միայն կեանքին: Երբեք չկորցրինք մեր կեանքը նպատակ դարձնել եւ շարունակեցինք ազգովի ապրել, ստեղծագործել, կառուցել, եւ պայքարել յանուն արդարութեան, յանուն գոյատեւման:

Այո՛, վերապրեցինք օտար երկինքների տակ, սակայն պահեցինք մեր պապենական հողի հետ մտերմութիւնն ու կապւածութիւնը, միշտ լսելով Տիրոջ կոչը՝ հնազանդւեցինք եւ անդադար ու մշտապէս երգեցինք Սաղմոսաց մարգարէի բանաստեղծական բառերը փոխ առնելով. «Եթէ մոռանամ քեզ հայրենի հող՝ Հայաստա՜ն, թող իմ աջ ձեռքս չորանայ, լեզուս քիմքիս կպչի, եթէ քեզ չյիշեմ եւ իմ ուրախութեանս գագաթնակէտը դու չլինես, ո՜վ ՀԱՅԱՍՏԱՆ»:

Այս պատգամով ու այս տեսիլքով վերապրեցինք ու պահանջատիրական մեր պայքարը շարունակեցինք մեր ազգի սեփական ու արդար իրաւունքը ստանալու՝ մեր կորցրած հող-հայրենին վերադարձնելու, վերագտնելու կորուսեալ դրախտը: Միշտ հաւատացինք, որ չենք կարող ապրել առանց հողի, չենք կարող բարգաւաճել, չենք կարող առողջ շնչել ու առաջադիմել, առանց սեփական մեր հողերի:

Այո՛, մեր ժողովուրդն իրաւունքն ունի ապրելու իր սեփական ու պապենական հողերի վրայ, որովհետեւ հայոց հողերը պատկանում են միայն հայերին՝ իրենց իսկական տէրերին:

Այս պատգամը աւելի հզօրացաւ, եւ այսօր 100-րդ տարելիցին, այն մեր յաւերժ գոյատեւման հաւատամքը պիտի դառնայ, մեծատաղանդ հայ գրողի՝ Մուշեղ Գալշոյեանի բառերով բարձրաղաղակ ասելու աշխարհին եւ մանաւանդ արիւնարբու թշնամուն՝ թուրքին. «Երկրի ու հողի կորուստը ծանր կորուստ է, բայց հողն անմահ է, հողն ուրիշ տէր չի ընդունի: Հողն իր տիրոջ արիւնակիցն է ու իր արիւնակցին է սպասում, սպասում է, ու օրերից մի օր կը հանդիպեն: Հողի կորուստ՝ անդարձ կորուստ չէ: Հողն անմահ է»:

Այսօր 100 տարի անց, որտե՞ղ ենք գտնւում, ինչպէ՞ս ենք ապրում մեր կեանքը, ինչպիսի՞ ոգով ենք առաջնորդւում եւ ինչպիսի՞ գիտակցութեամբ ենք պահանջում ու պայքարում: Ճի՛շտ է, այսօր գաղթական ու աքսորական չենք եւ աւելի բարօր կեանք ենք ապրում: Միթէ սա բաւարա՞ր է մեզ: Արդեօք սա մեզ անտարբերութեան չի՞ մղում, չի՞ աղօտանում մեր գոյութեան նպատակի գիտակցական լոյսը, չի՞ պակասեցնում մեր մէջ յոյսն ու հաւատը առ անկորնչելին. թէ՝ մենք ազգովի եւ պարտադրաբար հեռացանք ու տեղահանւեցինք մեր հողերից, կորցրինք ամէն ինչ, հոգի, մշակոյթ, հող, երկիր... ու մի խօսքով՝ պատմական ու յաւերժական հայրենիք:

Մենք պէտք է ճանաչենք մեր պատմութիւնը, յիշենք մեր սուրբ նահատակներին, հաւատարիմ մնանք նրանց թողած կտակին եւ աշխարհին յիշեցնենք, որ կայ մի ժողովուրդ, որ արդարութիւն է պահանջում եւ ո՛չ թէ՝ ողորմութիւն:

Այս առիթով գնահատում ենք 100 տարւայ ընթացքում կատարւած բոլոր աշխատանքները՝ կապւած Հայ Դատի ճանաչման եւ մեր արդար իրաւունքների վերատիրացման:

Խոր երախտագիտութիւն վերապրած սերունդին, որոնք մեզ ապրեցրեցին:

Խոր երախտագիտութիւն բոլոր այն պետութիւններին, որոնք ճանաչեցին Հայոց Ցեղասպանութիւնը եւ Թուրքիային կոչ ուղղեցին՝ ճանաչելու եւ հատուցելու հայ ժողովրդին:

Այո՛, 100-րդ տարելիցն է Հայոց Ցեղասպանութեան...:

Արթնացի՛ր, ո՜վ հայ ժողովուրդ, զգօ՛ն եղիր ո՜վ երիտասարդութիւն հայոց՝ քաջ ու գիտակից լինելու, որ կարելի չէ ապրել առանց հողի:

Եւ ի՞նչ է մեր նպատակը 100 տարի անց... Հասնել մեր հողերին. սա՛ է մեր հիմնական ու վերջնական նպատակը, սա՛ է մեր պահանջը, մեր արդար իրաւունքը... «Մեր հողերը, մեր հողերը», մեր պատմական ու յաւերժական հայրենիքը:

Այո՛, լսե՛նք Աստծու խոստումը այս անգամ հայ ժողովրդին ուղղւած. «Պիտի հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, կենդանութեան շունչ պիտի տամ ձեզ եւ ձեզ ձեր երկիրը պիտի վերադարձնեմ»: Ահա՛ պատգամը աստւածային, ահա՛ խոստումը աստւածապարգեւ, որ մեզ յուսադրելու է, ոգեւորելու է՝ առաւել կեանքին նայելու, հողի ձայնին ունկնդիր լինելու, մեր սրբութիւններին եւ արժէքներին կառչած մնալու եւ նրանց տէրն ու պահապանը դառնալու:

Արիւնարբու մեծ ոճրագործը՝ Թալէաթը մի առիթով ասել է. «Հայերը պիտի մոռացւեն... Հողը պիտի մոռանայ նրանց»: Նա սխալւել է, որովհետեւ հողը իր իսկական տիրոջը հաւատարիմ է եւ միշտ նրան է սպասում, մինչեւ նրան միանայ:

Հետեւաբար, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը, այսօրը՝ Ապրիլ 24-ը մեզ մի պատգամ է տալիս՝ Յիշել եւ Պահանջել՝ «Մեր հողերը, մեր հողերը»: Ա՛յս պիտի լինի մեր ազգի անդառնալի նպատակը, մեր ազգի յաւերժութեան հաւատամքը:

«Եթէ մոռանամ քեզ՝ Հայաստա՜ն, թող ողջ աշխարհը նախատի ինձ»:

Ազգովի նայենք կեանքին,

Ազգովի կառչենք կեանքին՝ դառնալու անմահութեան ճամբորդ մեր սեփական հողի վրայ:

Փա՜ռք մեր սուրբ նահատակներին:

Յաւերժ փա՜ռք անմահ հայ ժողովրդին:

Յաւերժ փա՜ռք՝ Ազատ, Անկախ, Ամբողջական Հայաստանին:

 
ԲԱԲԳԷՆ ԱՐՔ. ՉԱՐԵԱՆ
առաջնորդ Սպահանի հայոց թեմի
 
2015 Ապրիլի 24,
Նոր Ջուղա