Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Գերմանիայի խորհրդարանն իր պաշտօնական կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանութեան յիշատակին նուիրուած նոր բանձեւի նախագծի տեքստը, որում մի քանի անգամ նշւում է «ցեղասպանութիւն» եզրոյթը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` յայտնի է նաեւ ապրիլի 24-ին կայանալիք նիստի նախնական օրակարգն ու ժամանակացոյցը:

Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առաւօտեան ժամը 9-ին հէնց Հայոց ցեղասպանութեան հարցի քննարկմամբ էլ սկսուելու է լիագումար նիստը: Քննարկմանը յատկացուելու է մէկ ժամ, որի ընթացում 3 զեկոյցով են հանդէս գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմաբկցութիւնները` Քրիստոնէայ-դեմոկրատական միութիւնը (ՔԴՄ)/Քրիստոնէայ-սոցիալիստական միութիւնը(ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնը եւ Ձախակողմեանների կուսակցութիւնը: Դրանից յետոյ քուէարկութեան է դրուելու բանաձեւի նախագիծն` արդէն «ցեղասպանութիւն» եզրոյթով ու հիմնաւորմամբ, թէ որ կոնուենցիայի որ կէտով են օսմանեան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակայ կոչուելու «ցեղասպանութիւն»:

Ի տարբերութիւն Ֆրանսիայի եւ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած միւս երկրների, Գերմանիան երկար ժամանակ ընդդիմացել է «ցեղասպանութիւն» եզրոյթի կիրառմանը: Գերմանիայի դիրքորոշման մէջ շրջադարձ տեղի ունեցաւ ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ կանցլեր Անգելայ Մերկելի խօսնակ Շտեֆան Զայբերթի յայտարարութիւններից յետոյ: Ապրիլի 20-ին կանցլերի խօսնակը յայտարարել էր, որ կառավարութիւնը կը սատարի ապրիլի 24-ին խորհրդարանում ներկայացուելիք բանաձեւին, որով 1915 թուականի եղելութիւնը յայտարարւում է ցեղասպանութեան օրինակ: «Կառավարութիւնը սատարում է բանաձեւի նախագծին, որում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերին բաժին հասած ճակատագիրը պատմութեան մէջ տեղի ունեցած զանգուածային սպանութիւնների, էթնիկ զտումների, արտաքսումների եւ այո՜յ, 20-րդ դարի ցեղասպանութիւնների օրինակ է»,- ասել է նա: Նոյն օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կանգնել է այն պատգամաւորների կողքին, ովքեր կողմ են հայերի զանգուածային սպանութիւնները «ցեղասպանութիւն» անուանելուն եւ ասել, որ 1915 թ. կատարուածը «կարելի է ընդհանրացնել ցեղասպանութիւն հասկացութեան մէջ»:

Գերմանական եւ միջազգային լրատուամիջոցները նաեւ տեսակէտ են յայտնում, որ ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանալիք Հայոց ցեղասպանութեան յիշատակի արարողութեանը Գերմանիայի Դաշնութեան Նախագահ Եօահիմ Գաուկն իր ելոյթում նոյնպէս կարտասանի «ցեղասպանութիւն» եզրոյթը: