Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայաստան գտնւող Քանադայի խորհրդարանի անդամներ Բրեթ Բաթը, Լէոն Բենուան եւ Ռաս Հայբըրթը, նաեւ «Մէկ ազատ աշխարհ» կազմակերպութեան նախագահ Մեժիդ էլ Շաֆին 25-26 օգոստոսին պաշտօնական այցելութիւններ տւեցին, ինչպէս նաեւ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ իրենց յարգանքի տուրքը մատուցելու մէկուկէս միլիոն հայ նահատակների յիշատակին:

25 օգոստոսին պատւիրակութիւնն այցելեց Հայաստանի Արտաքին գործոց նախարար Էդւարդ Նալբանդեանին:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին հայ-քանադական յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ ձեռնարկւող քայլերը, մտքեր փոխանակւեցին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առիթով կազմակերպւելիք նախաձեռնութիւնների վերաբերեալ:

Նախարար Նալբանդեանը ներկայացրեց տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերեալ Հայաստանի մօտեցումները, ղարաբաղեան հիմնախնդիրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ Հայաստանի եւ միջազգային հանրութեան կողմից գործադրւող ջանքերը:

26 օգոստոսին Քանադայի խորհրդարանի անդամները հանդիպում ունեցան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակեանի հետ, ով շատ կարեւոր է նկատել Հայաստանի եւ Քանադայի միջեւ քաղաքական երկխօսութիւնը եւ երկկողմանի յարաբերութիւնների յետագայ զարգացումը: Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին անդրադառնալով՝ Սահակեանը շեշտեց մարդկութեան դէմ ոճիրների դատապարտման կարեւորութեան վրայ՝ բարձր գնահատելով Քանադայի դերակատարութիւնը Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում: Նա նաեւ խորհրդարանի անդամները հրաւիրեց 2015-ի ապրիլին Հայաստան գալու եւ մասնակից դառնալու 100-ամեակի նախաձեռնութիւններին:

Քանադացի խորհրդարանականները շնորհակալութիւն յայտնեցին հրաւէրի համար եւ հաստատեցին, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը նաեւ Թուրքիայի ժողովրդի հարցն է:

Ազգային ժողովի մէջ Քանադայի խորհրդարանի անդամները հանդիպում ունեցան Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Քանադա բարեկամական խմբի անդամների հետ: Հիւրերի խնդրանքով խմբի ղեկավար Յովհաննէս Սահակեանն անդրադարձել է հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման ծիրում ստորագրւած հայ–թրքական արձանագրութիւններին եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը՝ նշելով, որ Թուրքիան արձանագրութիւնների վերաբերող անընդունելի նախապայմաններ է դրել:

Անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդրին՝ խմբի ղեկավարը կարեւոր նկատեց Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը, ինչ որ պատճառ պիտի լինի այլ ցեղասպանութիւնների կանխարգիլմանը: Յ. Սահակեան նաեւ անդրադարձաւ վերջին շրջանին Ադրբեջանի կողմից սահմանի վրայ կատարւող ոտնձգութիւններին, ներթափանցման փորձերին եւ զինադադարի մնայուն խախտումներին:

Նոյն օրը, Քանադայի խորհրդարանականների պատւիրակութիւնն այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր:

Քանադացի խորհրդարանականները ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանութեան յուշակոթողի առջեւ եւ լռութեամբ ու խոնարհումով յարգեցին մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը:

Հիւրերը շրջագայեցին Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի մէջ։