Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հիւսիսային պողոտայում երեկ երեկոյեան առաջին անգամ անցկացուել է «Երեւան ՏԱՐԱԶ ֆէստ» փառատօնը:

«Այս փառատօնը չպէտք է սահմանափակուի միայն այս տարով, այլ պէտք է մշտական դառնայ, եւ դրանով, գուցէ, կհաւակնի մեր երեւանեան մշակութային կեանքում իր կայուն տեղն ունենալ»,- ասել է Երեւան քաղաքի Պատմութեան թանգարանի տնօրէն Արմինէ Սարգսեանը:

11 տաղաւարներում ներկայացուել են հայկական աւանդական տարազներ, հայկական նախշազարդերով գորգեր, տիկնիկներ, յուշանուէրներ: Երեւան քաղաքի պատմութեան թանգարանը ցուցադրել է Երեւանի, ինչպէս նաեւ պատմական Հայաստանի տարբեր պատմաազգագրական շրջանների տարազների կրկնօրինակների հաւաքածուն, նաեւ արխիւային լուսանկարներ: Այցելուները հնարաւորութիւն են ունեցել ծանօթանալ կարպետների ու տարազների նախշերի նշանակութեանն ու խորհուրդին: Փառատօնը կայացել է «Երեւանեան ամառ» ծրագրի շրջանակում:

«Ցուցադրութեան ամենագլխաւոր գորգն աշխարհում գտնուած ամենահին՝ բազիլիկ գորգի՝ մեր ընկերութեան կրկնօրինակն է: 4-5-րդ դարեր է թուագրւում: Ինչպէս ասում են մասնագէտները, բազիլիկ գորգը գործուել է հայերի կողմից, որովհետեւ ներկուած է եղել որդան կարմիրով, հայկական կրկնակի հանգոյցով, իսկ զարդանախշերը յիշեցնում են մեր հայկական ուրարտական արուեստի զարդանախշ»,- ասում է «Մէգերեան կարպետ» ընկերութեան PR մենեջեր Տաթեւ Մուրադեանը: