Աղբիւր՝ www.yerkir.am

 

Մեր զինանշանը պէտք չէ փոխել, պատկերացնու՞մ էք` որքան ծախսեր կառաջանան`կնիքներ, տպագրութիւն: «Դրա փոխարէն աւելի լաւ է` մի քանի շէնք աւելի կառուցեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք յայտնեց գրականագէտ Վարդան Դեւրիկեանը:

Ըստ նրա` զինանշանի փոփոխման հարցն այնքան էլ հրատապ չէ: Աւելին` գրականագէտը կարծում է, որ ոչ թէ զինանշանն է իրեն համապատասխանաբար երկիր ստեղծում, այլ ուժեղ երկիրը համահունչ զինանշան է ձեւաւորում:

«Քանի դեռ ներկայիս զինանշանը գործում է, պէտք է յարգել այն եւ պէտք չէ ինչ-ինչ պիտակներ կպցնել: Եթէ մենք անյարգալից արտայայտուենք, բնական է, չէ՞, որ օտարերկրացուց չենք կարող յարգանք պահանջել, եթէ նա որոշի վատ արտայայտուել: Պէտք չէ գազանանոց եւ այլ պիտակներ փակցնել զինանշանին»,- ասում է գրականագէտը:

Յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը, սակայն, կարծում է, որ զինանշանի տեսքը պէտք է փոխուի, քանի որ այն շատ է աղաւաղուել:

«Խորհրդանիշը պատահական բան չէ, այն ազգիդ անցած ճանապարհն ու ներկան է ցոյց տալիս: Զինանշանի վրայ այնպիսի արծիւ պէտք է լինի, որ մենք էլ ուզենանք նրան նմանուել: Ինչ վերաբերում է զինանշանի վրայ` կենդանիների լինել-չլինելուն, այ քեզ բան, դրանց հօ կենդանաբանական այգու՞ց չեն վերցրել, մեր պատմութիւնից են գալիս: Ասում են` զինանշանի վրայ պատկերուած առիւծի բերանը փակ է, եթէ առիւծի բերանը բացելով` մեր ապրելակերպը կը փոխուի, եկէք բացենք այն»,- ասում է Կարապետեանը:

Նրա կարծիքով` զինանշանի վրայ պէտք է ցայտուն կերպով արտայայտուի Արարատի պատկերը. «Այն, որ Արարատը խեղճացուած է ու ստորացուած ներկայիս պատկերմամբ, փաստ է»: