Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանը լքած եւ Հայաստանում ապաստան խնդրած ադրբեջանական 5 հոգանոց ընտանիքը տեղափոխուել է երրորդ երկիր: Ընտանիքի տեղափոխման գործընթացում Կարմիր խաչի միջազգային կոմիտէն ներգրաւուած չի եղել: Վերջինը վկայում է այն մասին, որ ընտանիքը չի հայրենադարձուել, չի տարուել Ադրբfեջան, հետեւաբար, տեղափոխուել է որեւէ երրորդ երկիր:

«Ինչ վերաբերում է երրորդ երկիր տեղափոխելուն, դրանով մենք չենք զբաղւում, մեր գործունէութիւնը միմիայն հայրենադրձման հետ կապուած հարցերին է առնչւում»,-մեզ հետ զրոյցում յայտնեց Կ.Խ.Մ.Կ. հայաստանեան գրասենեակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Այն ժամանակ, երբ գերի ընկածը կամ սեփական կամքով որեւէ երկրին յանձնուածը ցանկութիւն է յայտնում տեղափոխուել երրորդ երկիր, գործը փոխանցւում է Մ.Ա.Կ.-ի փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակին, որտեղից, սակայն, ոչ մի տեղեկութիւն չփոխանցեցին` նշելով, որ այն անձնական տեղեկատուութիւն է, որն, ըստ մանդատի` կազմակերպութիւնը չի բացայայտում:

Ա.Ա.Ծ.-ի պաշտօնական հաղորդագրութեան համաձայն` յունուարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշէն» հսկիչ-անցագրային կէտ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976 թ. ծնուած Ջաւիդ Օրուջեւն` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջաւիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական յատուկ ծառայութիւնների ճնշումները սկսուել են հայկական արմատներով կնոջ` Բաքուի բնակիչ, 1983 թ. ծնուած Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց յետոյ: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին` Ջաւիդ Օրուջեւը պարտադրուած համաձայնել է համագործակցել Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակուող ազգականների միջոցով տուեալներ հայթայթել Հայաստանի եւ Սփիւռքի վերաբերեալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը` Օրուջեւը անյաջող փորձ է կատարել բնակութիւն հաստատել եւրոպական երկրներից մէկում, որտեղից Բաքու արտաքսուելուց յետոյ նրա հանդէպ աւելի են ուժգնացել Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների ճնշումները: Յայտնուելով անելանելի իրավիճակում եւ, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջաւիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանութիւններից: