Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրօն խոր վշտով տեղեկացնում է, որ տեւական հիւանդութիւնից յետոյ, դեկտեմբերի 28-ին, վախճանուեց մեր ժամանակների ամենավառ անհատականութիւններից մէկը` ազգային-պետական ականաւոր գործիչ, երկար տարիներ եղել է Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, ապա Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ ընկեր Վահան Յովհաննիսեանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքի անունից մեր վշտակցութիւնն ենք բերում Վահան Յովհաննէսեանի հարազատներին ու մտերիմներին, մեր ժողովրդին, մեր բոլոր ընկերներին:

Վահան Էդուարդի Յովհաննիսեանը ծնուել է 1956 թուականին Երեւանում: 1973 թուականին Երեւանի թիւ 55 դպրոցը աւարտելուց յետոյ, կիսատ թողնելով ուսումը Բրիւսովի ինստիտուտում, Վահան Յովհաննիսեանը մեկնեց Մոսկուա եւ 1978 թուականին այնտեղ աւարտեց Մոսկուայի պետական մանկավարժական համալսարանը: Աւարտելուց յետոյ նշանակուեց աշխատանքի Հարաւային Սիբիրում : Վահան Յովհաննիսեանը գերադասեց վերադառնալ հայրենիք եւ աշխատել գիւղում՝ որպէս ուսուցիչ:1980 թուականին զինծառայութիւնն աւարտելուց եւ Երեւան վերադառնալուց յետոյ վերջապէս կարելի էր սկսել աշխատանքը սիրած մասնագիտութեամբ: Բայց այն օրերի համալսարանական ղեկավարները Վահանին ետ վանեցին Հայաստանի միջնադարեան պատմութիւնից: "Էրեբունի" թանգարանում Վ. Յովհաննիսեանը աշխատում էր 1980 թուականից, սկզբում` որպէս գիտաշխատող, յետոյ` գիտահետազօտական բաժնի վարիչ, իսկ 1989 թուականից տեղափոխուեց Գիտութիւնների ակադեմիայի հնագիտութեան եւ ազգարութեան ինստիտուտ: Տարբեր հնագիտական արշաւախմբերի կազմում Վ. Յովհաննիսեանը պեղումների է մասնակցել Հայաստանի տարածքով մէկ. այդ պեղումների ընթացքում յայտնաբերուել են բրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժէքաւոր նիւթեր:1989 թուականից Վահան Յովհաննիսեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ է: Հայրենիքում կուսակցութեան պաշտօնական վերահաստատումից յետոյ 1990 թուականին ընտրուել է Դաշնակցութեան առաջին Կենտրոնական Կոմիտէի անդամ եւ գործուղուել Արցախ, ուր մասնակցել է ինքնապաշտպանութեան կազմակերպմանն ու իրականացմանը 1992 թուականին Վ. Յովհաննիսեանն ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի անդամ պարտականութիւնների մօտաւորապէս նոյն շրջանակով: Սակայն, քաղաքական մթնոլորտը Հայաստանում շիկանում էր Հհշական իշխանութիւնների ամէն մի ապաշնորհ սայթաքումի հետեւանքով, եւ Ղարաբաղեան հարցից զատ Դաշնակցութեան առջեւ կանգնում էին նորանոր խնդիրներ: Գտնուելով կալանքի տակ` Վ. Յովհաննիսեանը 1997 թուականին հեռակայ կերպով ընտրուեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ: Դատաքննութեան ընթացքում նա շարունակոեւմ էր քաղքական գործունէութիւն ծաւալել : Նրա ելոյթները դատարանում քաղաքական մեծ արժէք ունէին այդ օրերի երկրում տիրող ներքաղաքականհ իրավիճակի համար:

1999 թուականից մինչ օրս հանդիսանում է ՀՅԴ Բիւրոյի անդամ: 1999 թուականին ընտրուել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր 17-րդ մեծամասնական ընտրատարածքից եւ դարձել Պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի մշտական յանձնաժողովի նախագահ: Ղեկավարել է Հայաստանի ԱԺ առաջին պատուիրակութիւնը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում: 2003-ին եւ 2007-ին դարձեալ ընտրուել է խորհրդարանի պատգամաւոր եւ երկու անգամ էլ դարձել Ազգային Ժողովի փոխնախագահ: Այդ պաշտօնը զբաղեցրել է մինչեւ 2008 թուականը: Այդ ժամանակահատուածում ղեկավարել է Հայաստանի Աժ պատուիրակութիւնը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, հանդիսացել Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական յանձնաժողովների համանախագահ:2008 թուականին մասնակցել է նախագահական ընտրութիւններին` որպէս ՀՅԴ թեկնածու: 2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամաւոր է ընտրուել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցութիւնից: Ղեկավարել է Հայաստանի առաջին պատուիրակութիւնը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում` հանդիսանալով Եվրանեսթի Բիւրոյի անդամ:

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակուել է Գերմանիայի Դաշնային հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան:

Վահան Յովհաննիսեանը կեանքից հեռացաւ 20 տարի յետոյ ճիշտ այն օրը, երբ հայրենիքում կասեցուեց Դաշնակցութիւնը: