Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Հրաժարուել Թուրքիայում հանգստից եւ այս կերպ յարգել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը» նախաձեռնութիւնը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպութեան մէկ կառոյցն է:

22 դեկտեմբերին մի խումբ երիտասարդներ Երեւանի «Մոսկուա» շարժապատկերի սրահին կից կազմակերպել էին ֆլեշմոբ: Նրանք անցորդներին մօտենում էին եւ կոչ ուղղում նրանց` արձակուրդի համար Թուրքիա չերթալ, չհարստացնել թշնամու երկիրը, որի զէնքերը կարող են ուղղուել Հայաստանի դէմ, նաեւ առաջարկում էին ֆլեշմոբին յատուկ «Ո՛չ Թուրքիայում հանգստին» գրութեամբ պաստառի դիմաց լուսանկարուել:

«Շարժումը սթափեցման կոչ է, որպէսզի մարդիկ տոմսը գնելուց առաջ մէկ անգամ եւս մտածեն, որ գնում են դէպի այն պետութիւնը, որը նման Ցեղասպանութիւն է կատարել: Հանգիստը Հայաստանում կամ եւրոպական երկրներում աւելի սուղ է. բայց ամէն պարագայի աւելի լաւ է աւելի սուղ վճարել, քան երթալ հարստացնելու մի պետութեան, որի փամփուշտները, զէնքերը ուղղուելու են ընդդէմ քո պետութեան երեխաների, քաղաքացիների, մայրերի, քոյրերի»,- լրագրողների հետ ունեցած զրոյցի ընթացքում յայտնել է շարժման կազմակերպիչ, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» կազմակերպութեան ղեկավար Արմինէ Բարսեղեանը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարէն Աւագեանը «Արմէնփրէս»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքում նշել է, որ նման ծրագրեր շարունակական են լինելու եւ մինչեւ 24 ապրիլ 2015 հիմնադրամը Երեւանի եւ մարզերի մէջ հանդէս է գալու քարոզչական նախաձեռնութիւններով:

«Առաջին հայեացքով թուում է, որ սովորական բան է եւ Թուրքիայում արձակուրդ անցկացնելը կապ չունի Ցեղասպանութեան դատապարտման կամ ճանաչման հետ, բայց հաւատացէք` ամէն ինչ էլ նշանակութիւն ունի»,- յայտնել է նա:

«Բարձրաձայնում» անունը կրող ծրագրի մեկնարկը տրուել է 22 նոյեմբերին: Այդ օրը ծրագրի կազմակերպիչները «Ոչ Թուրքիայում հանգստին» կոչով այցելել են 60-ից աւելի զբօսաշրջային գործակալութիւններ` աշխատակիցներին կոչ ուղղելով նուազագոյնի հասցնել Թուրքիայում արձակուրդի եւ ժամանցի նպատակով մեկնողներին տրամադրուող փաթեթների վաճառքը: