Նոր Ջուղայի “Արմէն” երկսեռ տարրական կրթահամալիրի վեցերորդ դասարանի աշակերտ-ուհիների աւարտական ձեռնարկը տեղի ունեցաւ ուրբաթ՝ յունիսի 17-ի երեկոյեան, հայոց ազգային կրթահամալիրի “Ալենուշ Տէրեան” դահլիճում՝ ներկայութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի, ազգային մարմինների եւ հայոց ազգային դպրոցների ներկայացուցիչների, “Արմէն” դպրոցի տնօրինութեան, ուսուցչական կազմի ու Ծնողական խորհրդի եւ շրջանաւարտների հարազատների:

Ծրագիրն սկիզբ առաւ դպրոցի տնօրէն Վրէժ Շիրւանեանի ողջոյնի եւ բացման խօսքով: Նա իր արտայայտութիւնների սկզբնական բաժնում նշելով, որ այս տարի լրանում է “Արմէն” տարրական կրթահամալիրի “Ոչ պետական դպրոց” հանգամանքով աշխատելու 10-ամեակը, անցնող տասը տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումները ամփոփեց հետեւեալ կէտերի ներքոյ.

Առաջին՝ դպրոցի աղջկանց եւ տղայոց բաժինների աշխատանքների համատեղումը, որը նպաստել է մարդուժի եւ նիւթական խնայողութիւնների իրականացմանն ու աշակերտ-ուհիների առաւել առողջ եւ հայեցի դաստիարակմանը. երկրորդ՝ կանոնաւոր ծրագրով մշակութային եւ արտադասարանային բազմատեսակ աշխատանքների կազմակերպումը. երրորդ՝ կարգապահութեան հաստատումը՝ աշակերտութեան, աշխատակազմի եւ ծնողների համար, ինչը բազմիցս գնահատւել է Կրթադաստիարակչութեան հիմնարկի քննիչների կողմից. չորրորդ՝ Սպահան նահանգի առաջին կարգի դպրոցների ցուցակում ընդգրկւելը, որը իրականցել է բազմաոլորտ աշխատանքների կազմակերպման շնորհիւ եւ “Առողջութեան ջատագով դպրոց” միջդպրոցական փառատօնի շրջագծում “Հինգ աստղանի դպրոց” անւանակարգին արժանանալը:  

Այնուհետեւ մեկնարկեց ծրագրի գեղարւեստական բաժինը՝ շրջանաւարտ աշակերտների կատարմամբ: Գեղարւեստական գողտրիկ միջոցառումը, յուզիչ եւ միեւնոյն ժամանակ խանդավառող ներկայացման վերածւեց՝ սաների ողջոյնի խօսքով, ասմունքներով, երգերով ու յատկապէս աւանդոյթ դարձած երդման արարողութեամբ: Խմբական երգերի եւ ասմունքների շարանում կատարւեցին “Աստղիկների երգը”, “Հայոց լեզու”, “Դու միշտ ուսուցիչ”, “Ջան հայրենիք” ու “Հայ ասպետներ” երգերը եւ “Դպրոցական յուշեր” ու “Հայոց այբուբեն” ասմունքները: Իսկ անհատական բաժնում Լիանա Ղազարեանն ու Վանա Յակոբ Չաքերեանը զուգերգեցին “Հայոց Լեզու”, իսկ Դւին Յովհաննիսեանը կատարեց “Հպարտ գնացէք” երգերը: “Հայոց այբուբեն” բանաստեղծութեան ասմունքի կատարմանը երգեհոնով նւագակցեց Մեղրի Փանոսեանը:  Ընթացքում կատարումներն ընդմիջւեցին Յասմիկ Տէր-Մարտիրոսեանի եւ Արթուր Քամարզարեանի ելոյթներով, ուր երախտիքի խօսքեր ասւեց ուսուցիչներին ու դպրոցի անձնակազմին, ապա հակիրճ բացատրութեամբ ներկայացւեց շրջանաւարտների անցած ուղին՝ սկսած ամենակրտսեր դասարանից մինչեւ այսօր, որոնցով հանդիսատեսի մօտ պատկերաւորւեց սաների սերտած ուսումը, ստացած հայեցի դաստիարակութիւնը եւ յատկապէս ապրած դպրոցական յիշարժան պահերը: Ընթացքում ցուցադրւեցին նաեւ շրջանաւարտների դպրոցական տարիներից լուսանկարներ: Յաջորդիւ աշակերտները բեմ ներկայացան՝ իրենց դպրոցական համազգեստները աւարտական զգեստներով փոխարինած, եւ Արփինէ Մովսիսեանի ու Ադրիան Մինաս-Խաչիկեանի միջոցով հնչեցին երդման կարգի յուզիչ տողերը: Գեղարւեստական բաժինը եզրափակւեց Փաթրիկ Ակոնի երգեհոնի նւագակցութեամբ “Վերջին զանգ” բանաստեղծութեան ասմունքով եւ “Հրաժեշտ “Արմէն” դպրոցին” երգի խմբական կատարմամբ: 

Ծրագիրը շարունակւեց վկայականների եւ գնահատագրերի բաշխման արարողութեամբ: Այս բաժնում ձեռամբ Հայր Սուրբի, Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների  ատենապետեր՝ Վրէժ Տէր Մարտիրոսեանի, Վարուժ Մովսիսեանի եւ Սաթենիկ Աւետումեանի,  դպրոցի տնօրինութեան՝ Լիոնթին Աբրահամեանի ու Վրէժ Շիրւանեանի եւ հայերէն ու պարսկերէն առարկաներ դասաւանդող պատկան ուսուցիչների շրջանաւրատներին յանձնւեցին իրենց վկայականները, իսկ գերազանցիկներին՝ գնահատագրեր: 

Ապա Կրթական խորհրդի կողմից պատրաստւած գնահատագրերով ու պարգեւներով գնահատւեցին սոյն տարեշրջանի ընթացքում Սպահան քաղաքի Կրթադաստիարակչութեան հիմնարկի կողմից կազմակերպւած միջոցառումներում եւ այլ մրցոյթներում յաջողութիւն արձանագրած աշակերտներն ու պատկան ուսուցիչները: Գնահատագրերի բաշխմանը զուգընթաց հանդիսատեսին ներկայացւեց աշակերտական յաջողութիւններից զեկոյց՝ ուսուցչուհի Միգանուշ Տէր-Մարտիրոսեանի եւ Ժանետ Բաղումեանի միջոցով:  

Կրթական խորհրդի ատենապետուհի Սաթենիկ Աւետումեանը առողջ եւ գիտակից սերունդ դաստիարակելը իւրաքանչիւր հասարակութեան պարտքը համարելով, անդրադարձաւ կրթութեան նկատմամբ հայ ժողովրդի  նւիրումին ու մեծ սիրուն եւ աւելացրեց, որ թեմի ազգային ամբողջ համակարգը շարունակ իր աշխատանքի կիզակէտում է պահում հայկական դպրոցների խնդիրները եւ հետամուտ է համայնքի զարկերակը հանդիսացող այս հաստատութիւնների գործունէութեանը: Տկն. Աւետումեանը դիմելով շրջանաւարտներին ընդգծեց, որ հայ դպրոցը ոչ միայն կրթում է, այլեւ մի սրբավայր է, ուր հայեցի մթնոլորտի ներքոյ մատաղ սերնդին օժտում է ազգային վեհ արժէքներով ու հայեցի դաստիարակութեամբ:  Նա աշակերտներին յորդորեց աշխատել ջանասիրաբար եւ ուսման ասպարէզում լինել յաջողակ ու առաջնակարգ, իսկ Կրթական խորհրդի անունից շնորհակալութիւն յայտնեց դպրոցի տնօրինութեանը, ուսուցչական կազմին ու Ծնողական խորհրդին:  

Այնուհետեւ ներկաներին իր պատգամը փոխանցեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով սկզբում դրւատանքի խօսք ուղղելով շրջանաւարտներին ասաց, որ նման գիտակից, արթուն եւ աշխատասէր սերնդի շնորհիւ երաշխաւորւած է մեր ազգի ապագան: Նա իր խօսքի մի այլ բաժնում գնահատանքի խօսք ուղղեց նաեւ “Արմէն” կրթահամալիրի տնօրինութեանն ու ուսուցչական կազմին, ովքեր ծնողի նման սրտցաւօրէն աշխատում են աշակերտութեան վերելքի ու զարգացման համար, իսկ Կրթական խորհրդին եւ դպրոցի Ծնողական խորհրդին ու ծնողներին՝ աշակերտների կրթւելու եւ դաստիարակւելու ուղղութեամբ նիւթա-բարոյական օժանդակութիւն ցուցաբերելու առթիւ: Հայր Սուրբն իր պատգամն աւարտեց շրջանաւարտներին կոչ անելով՝ յարգանքով վերաբերւել ուսուցիչների եւ ծնողների նկատմամբ, հետեւել մեծերի խորհուրդներին եւ որպէս հայ դպրոցի սաներ՝ քայլել հայ աշակերտին յարիր նկարագրով:

Վերջում ոգեշնչւած ու խանդավառւած աշակերտ-ուհիներն աւարտական գլխարկների վեր նետմամբ, հրաժեշտ տւեցին իրենց կեանքի այս հանգրւանին:  

Հարկ է նշել, որ աւարտական ձեռնարկը կազմակերպւել էր հայերէն առարկաների ուսուցչուհիներ՝ Ժանետ Բաղումեանի եւ Միգանուշ Տէր-Մարտիրոսեանի ու երգ-երաժշտութեան դասատու Արսինէ Մարգարեանի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան