Փերիոյ Կրթ. Միութեան Կենտ. վարչութեան (Նոր Ջուղա) նախաձեռնութեամբ մայիսի 11-ից 13-ը, երկօրեայ շրջագայութիւն էր կազմակերպւել դէպի Արաք, որին իրենց մասնակցութիւնն էին բերել տեղի հայ համայնքի անդամներից:  

Շրջագայութեան առաջին օրը՝ երեկոյեան ժամը 8-ին, խումբը հասաւ Արաք քաղաք, ուր հանգրւանեց համայնքի նախկին հայոց դպրոցում, որը այժմ ծառայում է որպէս ճամբարների կեցութեան վայր՝ ունենալով սպասարկման բաւարար հնարաւորութիւններ:

Նոյն օրը շրջագայողներն այցելեցին Ս. Մեսրոպ եկեղեցի, որտեղ աղօթեցին առ Աստւած, մոմ վառեցին եւ կատարեցին իրենց սրտաբուխ նւիրատւութիւնները, իսկ յաջորդ օրը՝ առաւօտեան, խումբն այցելեց Արաքի Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեանը պատկանող մի գեղեցիկ այգի, ուր բնութեան գրկում առաջացած մտերմիկ ու ջերմ մթնոլորտի ներքոյ առաւել բարձրացաւ բոլորի խանդավառութիւնն ու տրամադրութիւնը:  Այնուեհետւ ճաշակելով համեղ ճաշը՝ նրանք կէսօրից յետոյ թողեցին այգին եւ այցելեցին “Շահզանդ” պուրակ, որը նոյնպէս հիասքանչ վայր էր՝ իր գեղեցիկ բնութեամբ ու կարկաչուն աղբիւրներով: Օրւայ մնացած բաժնում այցելութիւն տրւեց նաեւ մօտակայ գիւղի Ս. Յակոբ եկեղեցի. այստեղ բոլորին հիացրեց Արաքի հայ համայնքի կատարած լայն աշխատանքը՝ նախնիներից փոխանցւած սովորութիւնների եւ աւանդոյթների պահպանման ուղղութեամբ: 

Մայիսի 13-ի առաւօտեան շրջագայողները նախ եղան քաղաքի մեծ առեւտրի կենտրոներից մէկում, ապա ճաշեցին եւ ուղեւորւեցին դէպի Սպահան՝ իրենց յուշերում յաւերժացնելով սոյն շրջագայութեան անմոռանալի պահերը՝ Արաքի հայ համայնքի հետ ծանօթանալն ու շփումները, բնութեան գեղեցիկ ու հիասքանչ տեսարանները եւ ի հարկէ լաւ ուղեկիցների հետ ճամբորդելու հաճոյքը: 

Թղթակից (Նոր Ջուղա)