2015 թւականի յուլիսին, Աղւերանում, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Հայագիտական համահայկական 7-րդ օլիմպիադան, որը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին:  

Սոյն օլիմպիադայում, որին մասնակցել էին 10 երկրներից ժամանած աշակերտական պատւիրակութիւններ, ընդգրկւած էին հայոց լեզւից, գրականութիւնից, հայոց պատմութիւնից եւ հայ մշակոյթի պատմութիւնից հարցեր,  իսկ դրան զուգահեռ անցկացւեց նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու պատմութեան մրցոյթը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի հովանւորութեամբ եւ աջակցութեամբ: Արդիւնքում Նոր Ջուղայի աշակերտական խումբը, որին անդամակցում էին հայոց ազգային “Քանանեան” աղջ. միջնակարգ դպրոցից 10 աշակերտուհիներ,  օլիմպիադայի յաղթողը ճանաչւեց՝ բացառիկ եւ աննախադէպ մրցանակների թւաքանակի շնորհիւ՝ իրեն վերապահելով օլիմպիադայի եւ հայ եկեղեցու պատմութեան մրցոյթի ամբողջ  հինգ առաջին կարգի,  երեք  2-րդ կարգի եւ մէկ 3-րդ կարգի մրցանակները, ինչու չէ նաեւ երկուական շնորհակալագրեր հայ եկեղեցու պատմութեան մրցոյթի եւ ասմունք անւանակարգի շրջագծում:

Յաղթող պատւիրակութեանը մեծարելու նպատակով, Կրթական խորհուրդը ձեռնամուխ եղաւ չորեքշաբթի՝ մայիսի 11-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում կազմակերպել գնահատման երեկոյ, որին մասնակցում էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, օլիմպիադային մասնակից խմբի ղեկավար ուսուցիչները, աշակերտուհիներն ու նրանց ծնողները, խմբի նախապատրաստական դասընթացների կազմակերպման գործում դերակատար ուսուցիչներն ու անհատները եւ Նոր Ջուղայի հայոց դպրոցների ներկայացուցիչներ:

Սկզբում արտայայտւեց Կրթական խորհրդի ատենապետուհի Սաթենիկ Աւետումեանը, ով գնահատելով օլիմպիադայի կազմակերպիչների կատարած աշխատանքը եւ կարեւորելով աշակերտական խմբերի մասնակցութիւնը՝ նման համահայկական միջոցառումներին, օլիմպիադայի կազմակերպումը կարեւոր համարեց Հայաստանի եւ Սփիւռքի աշակերտութեան հայագիտական մակարդակի բաձրացման, ինչու չէ նաեւ միմեանցից սովորելու եւ ներշնչւելու առումով: Նա գնահատանքի խօսք ուղղելով աշակերտներին եւ պատասխանատուներին՝ արձանագրած յաջողութեան համար՝ աւելացրեց, որ անտարակոյս մեր աշակերտների այս յաջողութիւնների գործում նրանց աշխատասիրութիւնից եւ ծնողների բծախնդրութիւնից ու համագործակցութիւնից բացի՝ գլխաւոր դերակատարութիւնն ունեցել է հայ դպրոցը, որտեղ տարիներ շարունակ աշակերտները կրթւել են հայեցի դաստիարակութեամբ եւ մայրենի լեզւին, գրականութեանն ու հայ մշակոյթին առնչւող գիտելիքներով, ինչի համար պարտական ենք ջանք ու եռանդ չխնայող մանկավարժներին ու ուսուցիչներին:

Ընթացքում ելոյթով հանդէս եկաւ Թեմական խորհրդի ատենապատ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, որն սկզբում շնորհակալական խօսքով հանդէս եկաւ ուղղւած պատւիրակութեան ղեկավարներին եւ Կրթական խորհրդին: Այնուեհետւ անդրադառնալով օլիմպիադային մասնակից աշակերտուհիներից Լուսին Մինասեանի այն խօսքին, որը Հայաստանեան հեռուստաընկերութիւններից մէկին տւած հրացազրոյցում ասել էր, թէ ցանկանում է իրաւաբան դառնալ՝ Հայ Դատին ու հայ ժողովրդին ծառայելու համար, կարեւորութեամբ ընդգծեց, որ հայկական վարժարաններում նման օրինակելի եւ տիպար աշակերտներ են դաստիարակւում, ովքեր Հայ Դատի արդարացի լուծման խնդիրը դարձնում են իրենց կեանքի նպատակներից: Նա վերջում իր հպարտութեան առիթը համարեց, որ փոքրիկ Նոր Ջուղայի աշակերտական խումբը, համահայկական այս մրցոյթի յաղթողն է ճանաչւել:

Ընթացքում առանձնաբար արտայայտւեցին նաեւ մասնակից աշակերտուհիները՝  մրցոյթից ու նախապատրաստական շրջանից յուշերի եւ օլիմպիադայի շրջագծում իրենց ձեռքբերումների մասին: 

Շարունակութեան մէջ ելոյթ ունեցաւ խմբի ղեկավար ուսուցչուհի Ռիմա Սիմոնեանը, ով շնորհակալական խօսք ասաց Կրթական խորհրդին եւ այն ուսուցիչներին ու անհատներին, ովքեր որեւէ ջանք չխնայեցին աշակերտների մասնակցութիւնն ապահովելու եւ նրանց նախապատրաստելու ուղղութեամբ: Նա Նոր Ջուղայի աշակերտական խմբի այս փայլուն յաջողութիւնը մեծ թւով անհատների հաւաքական աշխատանքի արդիւնք համարեց:

Յաջորդիւ աշակերտուհիներից Արփա Մարգարեանն իր նկարած Քրիստոսի սրբապատկերը նւիրեց գերշ. Տ. Բագէն արք. Չարեանին, իսկ Կրթական խորհրդի կողմից եւ Սրբազան Հօր ձեռամբ աշակերտներին շնորհւեց գնահատագրեր ու նւէրներ: Ներկայ ծնողներից Վեհանուշ Տէր-Մարտիրոսեանը, նոյնպէս շնորհակալութիւն յայտնելով Կրթական խորհրդին ու ուսուցիչներին՝ սոյն ձեռքբերման գործում դերակատար ուսուցիչներին ու անհատներին ծնողների կողմից նւիրեց յուշանւէրներ:  

Երեկոն աւարտւեց Սրբազան Հօր հայրական պատգամով, որը գնահատելով Կրթական խորհրդին ու բոլոր պատասխանատուներին՝ աշակերտութեան մասնակցութիւնն ապահովելու համար, դրւատանքի խօսք ուղղեց նաեւ աշակերտներին եւ իրենց ծնողներին: Այնուհետեւ նա նշելով, որ նման մրցոյթներին մասնակցութիւնը յատկապէս կարեւոր է տարբեր վայրերից ժամանած աշակերտների շփւելու եւ միմեանց առաւել ճանաչելու առումով, Նոր Ջուղայի այս փայլուն յաջողութիւնը հպարտութեան մեծ առիթ համարեց՝ թեմի բոլոր ժողովրդի համար:

Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան