2016 թւականի մայիսի 1-ի ժամը 19։30-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան հովանաւորութեամբ եւ Երէցական միաւորի նախաձեռնութեամբ, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում կազմակերպւել էր դաշտահանդէս՝ Աշխատաւորութեան տօնի առիթով։

Երեկոյին ներկայ էին Շահինշահրի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը եւ Համայնքի վարչութեան ներկայացուցիչները։ Սրահը զարդարւած էր օրւան համապատասխան շնորհաւորական պաստառով, տարբեր մասնագիտութեան աշխատանքային համազգեստներով զգեստաւորւած արձաններով։ Սրահում հնչում էր հաճելի հայկական երաժշտութիւն։

Ծրագրի ընթացքում ցուցադրւեց տեսանիւթ՝ Արցախում տիրող իրավիճակի մասին՝ Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում քառօրեայ պատերազմում իրենց մասնակցութիւնը բերած հայ ժողովրդի այն զաւակների պատւին, ովքեր ապրում էին խաղաղ, ստեղծագործ կեանքով, սակայն Հայրենիքի համար օրհասական պահին իրենց ձեռքից ցած դրեցին աշխատանքային գործիքները եւ զինւորագրւեցին Արցախի պաշտպանութեան սուրբ գործին։

Մասնաճիւղի վարչութեան անունից ներկաներին բարի գալուստ մաղթեց միութեան քարտուղար տկն. Այիդա Մուրադեանը, ով ներկաներին ամփոփ կերպով ծանօթացրեց Աշխատաւորութեան միջազգային օրւայ ծագման մասին եւ նշեց. «Բանւոր դասակարգը գիտակցելով, որ եթէ աշխատանքում ունի պարտականութիւններ, ապա դրանց համարժէք պէտք է ունենայ նաեւ իրաւունքներ, եւ յստակ պահանջեց իր իրաւունքները՝ աշխատանքի պաշտպանութիւն, աշխատանքային պայմանների բարելաւում, 8-ժամեայ աշխատանքային օրւայ հաստատում»։ Ապա նշեց, որ հայ ազգը աշխատասէր է. որտեղ էլ, որ ապրելիս լինի, նա իր ընտանիքի համար ստեղծում է բարեկեցիկ եւ ապահով կեանք, տուն է կառուցում ու շէնացնում իր շրջապատը։ Ապա շնորհաւորեց բոլոր նրանց, ովքեր արարում են, ստեղծում, սովորեցնում եւ օգտակար լինում մարդկանց իրենց աշխատանքով։

Մաղթանքի խօսքով հանդէս եկաւ հոգշ. Հայր Սուրբը, ով գնահատելով «Արարատ» միութեան վարչութեան եւ Երէցական միաւորի անդամներին, ովքեր աշխատաւորների համար կազմակերպել էին այդ գեղեցիկ երեկոն, նշեց, որ այսօր միասին լինելու պահ է, ուրախութեան օր է. աշխատանքը սուրբ է, իսկ կատարողը՝ ճամբորդ։ Ցանկացած աշխատանք լինի դա ազգային, եկեղեցական, թէ միութենական՝ սուրբ է, քանի որ դրա մէջ կայ նպատակ եւ Աստծու մօտ բոլորը հաւասար են։ Հոգշ. Հայր Սուրբը նշեց, որ այսօր տօն է, որպէսզի մենք իրար գնահատել սովորենք. մենք բոլորս ծառայողներ ենք եւ աշխատում ենք ժողովրդի համար, եւ մեջբերեց Յիսուսի խօսքը. «Այն ինչ որ ուզում էք, որ մարդիկ անեն ձեզ, նոյնը դուք արէք նրանց»։ Ապա շնորհաւորելով աշխատաւորներին մաղթեց. «Առողջութիւն՝ եթէ առողջ ես աւելին կարող ես անել, երջանկութիւն՝ եթէ երջանիկ ես աւելի ուրախ մթնոլորտում կաշխատես եւ սէր՝ եթէ սիրում ես աշխատանքդ, ուրեմն կաշխատես հաճոյքով եւ առանց յոգնելու։ Եթէ այս բոլորն ունենաս, ապա գործի յաջողութիւն էլ կունենաս»։

Այնուհետեւ Շահինշահրի «Արարատ» միութեան վարչութեան նախագահ պրն. Գեւիկ Խաչատրեանը ներկաներին եւ համայնքի աշխատաւորներին շնորհաւորելով տօնի առթիւ, ցանկացաւ առողջութիւն, յաջողութիւններ աշխատանքում ու անձնական կեանքում։

Երեկոյի ընթանցքում պրն. Գեւիկի գլխաւորութեամբ անցկացւեց զանազան խաղ-մրցութիւններ. շնորհիւ նրա կազմակերպչական մեծ ձիրքի, ներկաները խաղ-մրցութիւնները դիմաւորւեցին խանդավառութեամբ եւ իրենց մասնակցութիւնը բերեցին տարբեր տարիքի ու սեռի ներկայացուցիչներ։

Սրահում տիրում էր անկաշկանդ, շատ ուրախ եւ ջերմ մթնոլորտ։ Մրցութիւնների յաղթողներին յանձնւեց պատրաստւած նւէրները։

Ժամանակը շատ աննկատ անցաւ։ Հաճելի երեկոյ անցկացնելով եւ իրենց հետ տանելով գեղեցիկ յուշեր, ներկաները շնորհակալութիւն յայտնեցին եւ ժամը՝ 23։00-ին հրաժեշտ տւեցին կազմակերպիչներին։

 

Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան

Շահինշահրի մասնաճիւղի թղթակից

Այիդա Մուրադեան