Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի, Համբարձման տօնի առթիւ, հինգշաբթի՝ մայիսի 5-ի առաւօտեան,  Ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի Ս. Մինաս եկեղեցում՝ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի ձեռամբ, իսկ Փերիոյ գաւառի Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցում՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի միջոցով: 

Ղարղուն գիւղի Ս. Նշան եկեղեցու ս. պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը: Պատարագին մասնակցում էին նաեւ արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը եւ դպրաց դասը: Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի “Կոմիտաս” Երգչախումը:

Արարողութեանը ներկայ էին թեմի Հաշւեքննիչ մարմնի անդամ Մկրտիչ Աւետումեանն ու Կրօնական խորհրդի անդամներ՝ ատենապետ Վարուժ Մովսիսեանը եւ Սաքօ Տէր Յովհաննիսեանը, Փերիոյ գաւառի գիւղերի եկեղեցիների վարչութիւններն ու հայ բնակչութիւնը եւ Նոր Ջուղայից ու Շահինշահրից ժամանած ժողովուրդ:

Ս. պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրն իր յաւուր պատշաճի քարոզը տւեց ներկայ հաւատացեալներին: Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի պատգամն սկիզբ առաւ՝ անդրադառնալով Քրիստոսի երկինք համբարձւելու իրադարձութեանը եւ յատկապէս Տիրոջ արտասանած վերջին խօսքերին՝ իր աշակերտներին ուղղւած: Նա նշեց, որ Քրիստոսը յանձն առաւ զոհողութեան, սիրոյ  ու նւիրումի խորհրդանիշ խաչն իր ուսերին կրելու եւ ամենասուղ գինը վճարեց՝ իր կեանքը տւեց, որպէսզի մարդը վերագտնի իր իսկական պատկերն ու այն ճանապարհը, որն իրեն մօտեցնելու է Աստծուն:

Սրբազան Հայրն իր խօսքի մի այլ բաժնում ներկաներին կոչ արեց՝ իրենց կապն առաւել ամրացնել Աստծու հետ եւ հեռանալ մեղքից ու չարից՝ յաւիտենական կեանքն ու ուրախութիւնը ժառանգելու համար, ապա աղօթեց Բարձեալին, որ օրհնի եւ պահպանի հայ ժողովրդին ու հայրենիքը պաշտպանող զինւորին: 

Նա վերջում յատուկ գնահատանքի խօսք ուղղեց հոգեւորականաց ու դպրաց դասերին եւ երգչախմբին՝ պատարագն առաւել պայծառացնելու եւ գիւղերի եկեղեցիների վարչութիւններին՝ եկեղեցիները բարեզարդ պահելու համար:

Հոգեպարար արարողութեան աւարտին ներկայ հաւատացեալները հաղորդութիւն ստացան պատարգիչ Քահանայ Հօր ձեռամբ, ապա աւանդոյթի համաձայն Համաբարձման տօնը նշեցին բնութեան գրկում՝ վայելելով գարնանային պայծառ օրը:

«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)