ԱՊՐԻԼԻ 20, ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ

Չորեքշաբթի՝ 2016 թ. ապրիլի 20-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի Ոգեկոչման յանձնախմբերի համադրումով, Շահինշահրի Հայոց Ազգային «Նարեկ» Մանկապարտէզ-Նախակրթարանի, «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների աշակերտութիւնը՝ իրենց պատասխանատուների գլխաւորութեամբ մասնակցեցին Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքում կազմակերպւած դպրոցական ծաղկեմատոյցին եւ գեղարւեստական ձեռնարկին:

 

ԱՊՐԻԼԻ 21, ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

Հինգշաբթի՝ ապրիլի 21-ի երեկոյեան ժամը 6-ին, Շահինշահրի Հայոց Ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում տեղի ունեցաւ նկարչութեան ցուցահանդէս՝ գլխաւորաբար Հայոց Ցեղասպանութեան թեմայով: Ցուցահանդէսի բացումը կատարւեց Հայ Համայնքի Վարչութեան, Ոգեկոչման Յանձնախմբի, Հայոց Ազգային «Նարեկ» Մանկապարտէզ-Նախակրթարանի, «Սրբոց Վարդանանց» եւ «Մասիս» դպրոցների աշակերտների, պատասխանատուների եւ ծնողների ներկայութեամբ:

Սրահում ցուցադրւած նկարած պատկերներում նշմարւում էր ազգասիրական, հայրենասիրական եւ պահանջատիրական ոգին: Ցուցահանդէսի նկարչութիւններն արժանացան այցելուների բարձր գնահատանքին:

ԱՊՐԻԼԻ 22, ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՅԹՆԵՐ

Ուրբաթ՝ ապրիլի 22-ի երեկոյեան ժամը 6-ին, «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում տեղի ունեցաւ շախմատի եւ սեղանի թենիսի մրցոյթներ՝ ներկայութեամբ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի, արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի, Հայ Համայնքի Վարչութեան, Ոգեկոչման Յանձնախմբի, մարզիկ-ուհիների եւ համայնքի անդամների:

Արժն. Քահանայ Հայրը, ողջունելով ներկաներին, իր դրւատանքի խօսքն ուղղեց մարզիկ-ուհիներին՝ մաղթելով նրանց յաջողութիւն եւ ոյժ ու կորով:

Ոգեկոչման Յանձնախումբը կազմակերպւած մարզաձեւերի արդիւնքներն ամփոփելով՝ յայտարարեց արդիւնքը հետեւեալ կարգով.

Շախմատ.-

Թէոդիկ Յովհաննիսեանն առաջին տեղը գրաւեց, Վաչէ Քեշիշեանն ու Արգին Խուդավերդեանը երկրորդ հանդիսացան, իսկ երրորդը տեղը զբեղեցրեցին Արւին Մինասքանեանը եւ Թէոդիկ Մանուկեանը:

Սեղանի թենիս.-

Առաջին տեղը գրաւեց Էնրիքօ Զէյնալվանդը, երկրորդ տեղը՝ Արիս Մուրադեանը, իսկ երրորդ տեղը՝ Արբի Շիրւանեանը:

Յաղթողները Ոգեկոչման Յանձնախմբի հետագայ ծրագրերի ընթացքում կստանան իրենց գնահատագիրն ու մրցանակը:

ԱՊՐԻԼԻ 23, ՀՍԿՈՒՄ ԵՒ ԾԱՂԿԵՄԱՏՈՅՑ

Ապրիլի 23-ի երեկոյեան, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի շրջափակում, Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին կառուցւած յուշարձան-խաչքարի առջեւ համախմբւած հայորդիները մասնակցեցին Բարեխօսական արարողութեան, որը կատարւեց հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի ձեռամբ եւ արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ներկայութեամբ:

Բարեխօսական արարողութիւնից յետոյ հանդէս եկաւ յանձնախմբի անդամ եւ օրւայ համահաւաքի հաղորդավար տկն. Քարմէն Մատթէոսեանը, ով ընթերցեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան 101-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի խօսքը: Այնուհետեւ ընթերցւեց Հայ Համայնքի Վարչութեան խօսքը:

Համահաւաքի ընթացքում իրարայաջորդ ընթերցւեցին համայնքում աշխատող միութիւնների Վարչութիւնների, անձնակազմերի եւ հայոց ազգային դպրոցների պատասխանատուների խօսքը, որոնց անդամները խորին ակնածանքով՝ ծաղկեմատոյցով իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների յիշատակին:

Երեկոյի ընթացքում «Նարեկ» Մանկապարտէզ-Նախակրթարանի եւ «Սրբոց Վարդանանց» դպրոցի աշակերտ-ուհիները, երգուսոյց Նարբէյ Գրիգորեանի ղեկավարութեամբ, խմբերգերի միջոցով իրենց պահանջատիրութիւնը յայտնեցին:

Ծրագրի աւարտին հայորդիները ծաղիկներով եւ վառւած մոմերով մօտենալով խաչքար-յուշարձանին խունկ մատուցեցին բիւրաւոր նահատակների յիշատակին:

 

Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝ Վ. Յարութիւնեան

Լուսանկարները՝ Սերինէ Աղախանեանի, Գեւիկ Խաչատրեանի, Արութին Հախնազարեանի