Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի հովանաւորութեամբ եւ նախաձեռնութեամբ, Կրօնական խորհրդի կազմակերպութեամբ, Կրթական խորհրդի ու Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց ազգ. դպրոցների պատասխանատուների համագործակցութեամբ, 2015 թւականի դեկտեմբերի 14-ին կազմակերպւեց «Նամակ սահմանը պաշտպանող զինւորին» խորագրով շարադրութեան մրցոյթ, որին իրենց մասնակցութիւնը բերեցին թեմիս աշակերտութիւնը: Մրցոյթին մասնակից դպրոցներն են եղել՝ Նոր Ջուղայի «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրը, «Քանանեան» աղջկանց ու «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցները, եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական եւ «Մասիս» ուղեցոյց դպրոցները: 

Աշակերտների ստեղծագործութիւններն ստանալուն պէս, Թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր միջոցով նշանակւած իրաւարար կազմը, որում ներառւած էին հայոց դպրոցներից եւ ազգային մարմիններից ներկայացուցիչներ, բծախնդրօրէն ընթերցեց բոլոր շարադրութիւնները եւ ընտրեց գերազանցներին ու լաւագոյններին: Բոլոր ընթերցումների ժամանակ իրաւարար կազմի կողքին է եղել Սրբազան Հայրը: 

Սոյն մրցոյթի արդիւնքը յայտարարելու, մասնակիցներին քաջալերելու եւ յատկապէս հայրենիքը պաշտպանող սահմանապահ զինւորներին արժեւորելու եւ նրանց զոհողութեան ու նւիրումի առջեւ գլոխ խոնարհելու նպատակով՝ թեմի Կրօնական խորհրդի հովանաւորութեամբ ու կազմակերպութեամբ եւ Կրթական խորհրդի համագործակցութեամբ, ուրբաթ՝ ապրիլի 29-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան մարզասրահում տեղի ունեցաւ գնահատանքի երեկոյ: Ծրագիրը յագեցած էր դպրոցների գեղարւեստական ելոյթներով եւ մրցանակաբաշխման արարողութեամբ:

Երեկոյի մեկնարկը տրւեց Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի եւ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաների, ինչու չէ նաեւ Նոր Ջուղայի «Արմէն» ու Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցների երգչախմբերի սրահ մուտք գործելով, ովքեր իրենց ներկայութեամբ խանդավառութիւն պարգեւեցին հանդիսատեսին: Կրտսեր սաները կատարեցին միասնական  շքերթ-տողանցք եւ թափահարեցին ձեռքում պահած փայտիկները, որոնց միացւած էին իրենց գեղեցիկ նկարչութիւնները՝ հայ զինւորի թեմայով: Շքերթի աւարտին մանուկները նկարչութիւնները տեղադրեցին նախատեսւած պատւանդանի վրայ: Յաջորդիւ «Արմէն» դպրոցի երգչախումբը կատարեց «Զինւոր եմ ես փոքրիկ» եւ «Ասպետներ», իսկ «Սրբոց Վարդանանց» դպրոցի երգչախումբը՝ «Հզօր հայրենիք» երգերը: 

Ծրագրի շարունակութեան մէջ ողջոյնի խօսքով եւ երեկոյի մասին բացատրութեամբ հանդէս եկան հաղորդավարներ՝ Լեռնիկ Ծատուրեանն ու Մարտունի Խաչիկեանը, ապա Փաթրիկ Ակոնի, Արինէ Իսաղուլեանի եւ Մարտունի Խաչիկեանի միջոցով ընթերցւեցին երեք իրական նամակներ, որտեղ հանդիսատեսին խորապէս յուզեց հարազատների կողմից զինւորին եւ զինւորի միջոցով իր մօրը գրւած նամակների իւրաքանչիւր նախադասութիւնը: Նամակների ընթերցողներին կիթառի նւագակցութեամբ ընկերակցում էր Գէորգ Մովսիսեանը: 

Ընթացքում «Տունն իմ հայրենի» երգը մենակատարեց Վանանդ Իսաղուլեանը:

Այնուհետեւ հերթն հասաւ «Քանանեան» դպրոցին: Սկզբում պարային շարժումներով ներկայացան մի խումբ աղջիկներ, ապա խմբական կատարմամբ հնչեցին «Ազգ իմ փառապանծ» եւ «Ոչ, չեն մեռնում հերոսները» երգերը: Իսկ ասմունքեցին Նարէ Վարդանեանը «Յարգանք ձեզ» եւ Վանէ Յարութիւնեանը «Ոչ մի նահանջէ՛ք» բանաստեղծութիւնները:

Սրբազան Հայրն իր հայրական պատգամն ուղղելով ներկաներին, իր գնահատանքի խօսքն ասաց ծրագրի կազմակերպման գործում համգործակցութիւն ցուցաբերած ազգային մարմիններին ու դպրոցների պատասխանատուներին: Նա  դրւատանքի խօսք ուղղեց յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերում ծառայող հայ զինւորներին, հանգստի կոչւած դերզօրավար Արտիկ Մելիքեանին, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների ընտանիքներին, գերիներին ու անձնուրացներին եւ Արցախի բանակում ծառայող մեր թեմի զաւակներից մէկին ու սրահում ներկայ նրա ծնողներին: Սրբազան Հօր կողմից արտասանւած բոլոր գնահատանքի խօսքերն առանձնաբար հաստատւեցին ներկաների բուռն ծափողջոյններով:

Թեմակալ առաջնորդն իր խօսքի շարունակութեան մէջ նշելով, որ հայ զինւորը հայրենասիրութեան, բարոյականութեան, նւիրումի եւ զոհողութեան խորհրդանիշ է ու գլուխ խոնարհելով զոհւած հերոս նահատակների յիշատակի եւ կենդանի հերոսների սխրանքների առջեւ, աւելացրեց, որ հայ ազգը Խաչեալին հաւատացող ժողովուրդ է եւ Խաչեալի նման ամէն օր խաչւում է ու իր արիւնն է թափում՝ իր արդար եւ անժամանցելի իրաւունքների համար: Նա ընդգծելով, որ Արցախը մեր սուրբ հայրենիքն է, ասաց՝ թշնամին չի կարող հայ ազգին ծունկի բերել, քանի որ մեր հերոսներն ու ողջ ժողովուրդը «Մահ իմացեալ՝ անմահութիւն է» նշանաբանի կամքով ու ոգով շարունակում են իրենց պայքարը:

Այնուհետեւ իրականացւեց մրցանակաբաշխման բաժինը, որտեղ իւրաքանչիւր օղակի մրցոյթի «Լաւ» անւանակարգին արժանացած աշակերտները Սրբազան Հօրից ստացան գնահատագրեր, իսկ «Գերազանց»-ները՝ այս առիթով պատրաստւած յատուկ շքանշանները: Յատկանշական է, որ լաւ եւ գերազանց գրութիւնների ընտրութեան համար՝ իրաւարար կազմը շարադրական եւ լեզւական մակարդակին զուգահեռ, յատկապէս ուշադրութիւն էր դարձրել սահմանապահ զինւորի նկատմամբ արտայայտւած իրական եւ անմիջական մտածումներին ու զգացումներին եւ արտացոլւած գաղափարների կարեւորութեանն ու հետաքրքրութեանը: 

Մրցանակակիրների անունները յայտարարւեցին իրաւարար կազմի ուսուցչուհի անդամների միջոցով: Տարրական բաժնինը ընթերցեցին Մառիթա Քեշիշեանն ու Ժանետ Բաղումեանը, ուղեցոյցինը՝ Սեդա Դիլանչեանը եւ Սօսէ Պօղոսեանը, իսկ միջնակարգինը Ռիմա Սիմոնեանը՝ ընկերակցութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանի: Իւրաքանչիւր բաժնի յաղթողների թւային պատկերն էր՝ տարրական 18 լաւ եւ 31 գերազանց, ուղեցոյց՝ 11 լաւ եւ 8 գերազանց, իսկ միջնակարգ՝ 5 լաւ եւ 6 գերազանց: Հարկ է նշել, որ ընթացքում մի այլ դասաւորութեամբ դպրոցների Ծնողական խորհուրդների միջոցով մրցոյթին մասնակից բոլոր աշակերտներին Սրբազան Հօր կողմից տրեւցին գնահատագրեր՝ մասնակցութեան համար:

Շարունակութեան մէջ Սրբազան Հօր, Հայր Սուրբի, Պատգամաւորական Ժողովի Դիւանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետներ Վարուժ Մինասեանի, Վրէժ Տէր-Մարտիրոսեանի ու Վարուժ Մովսիսեանի եւ դերզօրավար Արտիկ Մելիքեանի միջոցով նւէրներ յանձնւեցին Իրանի զինւած ուժերում ծառայող թեմի զաւակներին, իսկ զինծառայողի բացակայութեան պարագային՝ նրանց ծնողներին: 

Մրցանակաբաշխութեան բաժնին յաջորդեց գեղարւեստական ներկայացումների երկրորդ հանգրւանը՝ «Կատարինեան» տղայոց դպրոցի աշակերտութեան կատարումներով: Նախ երգչախումբը հանդէս եկաւ «Ջան Հայաստան» եւ «Ախպերս ու ես» երգերով, ապա տղաների միջոցով իրականացւեց զինւորական վարժութիւններից կազմւած մի ներկայացում, որն աւարտւեց ՀՀ եռագոյն դրօշի ծածանմամբ՝ ի նշան հայ ազգի գոյատեւման ու յաղթանակի:

Գնահատանքի երեկոյին ներկայ էին աշակերտութեան ծնողներն ու հոծ բազմութիւն:

«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան