Կասկած լինել չի կարող, թէ մանուկներն ինչպիսի ջերմեռանդ աշխատանքով են նախապատրաստւում իրենց ամենասիրելի տօնին եւ սիրալիր Ձմեռ պապիկի այցելութեանը: Նման մանկական խանդավառութեան եւ անխոնջ աշխատանքի արգասիք կարելի է համարել Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաների Ամանորեայ հադէսը, որը տեղի ունեցաւ կիրակի՝ դեկտեմբերի 27-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում: Ծրագիր, որտեղ արտացոլւած էր ոչ միայն մանուկների աւելի քան մէկ ամիս ջանասիրաբար կատարած նախապատրաստական փորձերի արդիւնքը, այլեւ այն լայն աշխատանքը, որը ծաւալւել էր դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի միջոցով՝ աշակերտներին պատրաստելու եւ երեկոն ծրագրելու ու կազմակերպելու առումով:

Տօնական ձեռնարկը, որտեղ որպէս հանդիսատես ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, ազգային մարմինների ներկայացուցիչներն ու սաների հարազատները, բացւած յայտարարւեց մանկապարտէզ-նախակրթարանի տեսչուհի Քառոլին Դիլանչեանի ջերմ մաղթանքներով ու շնորհաւորանքներով: Տեսչուհին նախատօնական իր սրտաբուխ խօսքում ցանկացաւ հին տարին իր հետ տանի բոլոր տխրութիւններն ու դժւարութիւնները, իսկ 2016-ը բերի անսահման երջանկութիւն բոլորի օջախներում: Նա վերջում հայ ժողովրդին մաղթելով նորանոր յաղթանակներ եւ համախմբւածութիւն՝ յանուն վաղւայ լուսաւոր ապագայի,կամեցաւ, որ մանուկների կեանքից անպակաս լինեն՝ բարի հեքիաթները, ժպիտը եւ քնքշութիւնը:

Ծրագրում տեղ գտած գեղարւեստական կատարումները յագեցած էին պարային շարժումներով, երգերով եւ արտասանութիւններով: Մանկապարտէզի Մանուշակագոյն եւ Դեղին խմբակների ներկայացման սցենարը մշակւել էր այնպէս, ուր սկզբում Ձմեռ պապիկն ու Ձիւնանուշն այցելեցին խաղալիքների աշխարհ՝ մանուկների համար խաղալիք-նւէրներ ընտրելու: Խաղալիքների տեսքով հանդերձաւորւած դպրոցի ամենակրտսեր խմբակի՝ մանուշակագոյնի սաները, այս բաժնում պարեցին եւ արտասանեցին, իսկ վերջում ալեհեր պապիկին խնդրեցին իրենց տանի ու նւիրի մանուկներին: Շարունակութեան մէջ Ձմեռ պապիկը նւէրների պարկն ուսին հասնում է իրական աշխարհ, սակայն իր սպասածին հակառակ, քաղաքում չեն լինում տօնական պատրաստութիւն եւ տրամադրութիւն: Քիչ անց պապիկի կանչին արձագանքելով բեմում ներկայանում են խոհարարները, փոստատարները, ներկարարներն ու ծաղկեվաճառները, ովքեր զարդարում են քաղաքը, պատրաստում թխւածքեղէնը եւ բաժանում Ամանորեայ բացիկները: Սոյն արարն իրականացւեց Դեղին խմբակի երեխաների միջոցով եւ նոյնպէս ողողւած էր արտասանութեամբ ու պարով: Մանկապարտէզի փոքր եւ մեծ խմբակների կատարումները եզրափակւեց երգերից ու արտասանութիւններից բաղկացած գեղեցիկ փնջով: 

Այնուհետեւ նախակրթարանը բեմականացրեց «Պապն ու շաղգամը», սակայն ոչ իր աւանդական ձեւով: Ամբողջովին միւզիկլ ներկայացման ընթացքում աշակերտները երգով ու պարով հանդիսատեսին մատուցեցին աշխարահռչակ հեքիաթից մի նոր պատկեր, որտեղ շաղգամը հողից դուրս հանւեց, պապիկի, տատիկի, թոռնիկների, շնիկների, կատուների, մկների եւ ծիտիկների մի հսկայական բանակի համատեղ ջանքերի շնորհիւ: Բեմում ներկայ ծաղիկներն ու այգեպանները նոնյպէս մարմնաւորւել էին նախակրթարանի սաների միջոցով:

Իւրաքանչիւր ներկայացման աւարտին մանուկները Ձմեռ պապիկից  ստացան մրգեր:

Վերջում ներկաները վայելեցին թեմակալ առաջնորդի հայրական պատգամը, ուր Սրբազան Հայրը մանուկների ուրախութիւնն ու վայելքը մեծահասակների ամենամեծ երջանկութիւնը համարելով՝ ծրագրի կազմակերպման համար՝ իր գնահատանքի խօսքն ուղղեց դպրոցի տեսչութեանը, ուսուցչական կազմին, Ծնողական խորհրդին ու բոլոր ծնողներին: Տ. Բաբգէն արք. Չարեանն իր պատգամի շարունակութեան մէջ 2015 թւականը հայ ժողովրդի համար անկիւնադարձային հանգրւան համարելով եւ մատնանշելով սոյն տարւայ ընթացքում թեմի եւ համահայկական մակարդակներով իրականացւած ծրագրերը՝ յատկապէս Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի շրջագծում իրագործւած միջոցառումներն ու ձեռքբերումները՝ կոչ արեց, որ Նոր տարին դիմաւորելիս աղօթենք առ բարձեալն Աստւած՝ նեղութեան եւ դժւարութեան մէջ գտնւողների ու աշխարհում յաւիտենական խաղաղութիւն հաստատւելու համար: Թեմակալ առաջնորդն իր խօսքն աւարտեց համայնքին կայունութիւն եւ միասնականութիւն մաղթելով:

Հարկ է նշել, որ այս գունագեղ տօնն աւելի տպաւորիչ դարձնելու նպատակով, ամենամեայ կարգով մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուների միջոցով կազմակերպւում են եւս երկու միջոցառումներ, որոնցից մէկը այս տարի տեղի ունեցաւ երեքշաբթի՝ դեկտեմբերի 22–ին, դպրոցի շրջափակում, ուր «Նախօրեակ» անւան ներքոյ իրականացւած ջերմ եւ մտերմիկ տօնախմբութեան ընթացքում, սաներն առիթ ունեցան Ձմեռ պապիկի ներկայութեամբ իրենց խանդավառութիւնն ու տօնական տրամադրութիւնը բազմապատկելու, իսկ միւսն իրականացւեց հինգշաբթի՝ դեկտեմբերի 24–ին, «Արարատ» միութեան սրահում, որտեղ համայնքի ժողովրդի եւ յատկապէս փոքրիկների յուշերում երեկոյեան դաշտահանդէսը յաւերժացաւ՝ անուշաբոյր ուտեստներ ճաշակելով, զւարճալի խաղերով ինչու չէ նաեւ գեղեցիկ ու իւրօրինակ յարդարւած բեմում Ձմեռ պապիկի հետ լուսանկարւելով:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան