Ուրբաթ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան 60-ամեակի բուն երեկոյի աւարտին, տեղի ունեցաւ ընդունելութիւն:

Յոբելեար միութեան կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը ողջունելով հրաւիրեալներին, շնորհակալական խօսք ուղղեց բոլոր նրանց, որոնց համագործակցութեամբ իրականացաւ յոբելենական ձեռնարկների շարանը, նաեւ շնորհակալական խօսք ասաց ուղերձ յղած բոլոր անհատներին, կազմակերպութիւններին, հաստատութիւններին, միութիւններին ու դպրոցներին, ինչպէս նաեւ նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել «Արարատ» միութեան վերելքին ու սատար են հանդիսացել նրա աշխատանքներին:

Այնուհետեւ ծրագրի հանդիսավար Մանիա Ղուկասեանը հրաւիրեց Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանին՝ ստանալու եւ Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին փոխանցելու Նորին Սրբութեանը նւիրւած միութեան 60-ամեակի խորհրդանշական յուշամեդալը։ Պրն Մինասեանը յուշամեդալ յանձնեց նաեւ իրանահայ երեք թեմերի հոգեւոր առաջնորդներին, Իսլ. խորհրդարանում զոյգ պատգամաւորներին, ազգային մարմիններին ու ենթամարմիններին, Հայ Դատի յանձնախմբին, միութիւններին ու կազմակերպութիւններին, «Ալիք» օրաթերթի տնօրինութեանը եւ խմբագրական կազմին, Նոր Ջուղայի դպրոցներին եւ միութեան միաւորների ու Շահինշահրի մասնաճիւղի ներկայացուցիչներին եւ անհատներին:

Յուշամեդալների յանձնումից յետոյ, գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը օրհնեց ընթրիքի սեղանը: Երեկոն շարունակւեց ընթրիքի սեղանի շուրջ եւ ներկաներից ելոյթ ունեցան երգերի կատարումներով:

Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան թղթակից
Երանուշ Թահմազեան
Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեանի