2015 թւականի դեկտեմբերի 16-ից մինչեւ 21-ը տարածւող ժամանակահատւածում,  Հայաստանից Նոր Ջուղա ժամանեցին պրն Արշաւիր Գաբուճեանը եւ տկն Լիլիթ Տէր-Գրիգորեանը, ովքեր Նոր Ջուղայի Հայոց դպրոցների զանազան օղակների համար կրօնի դասագրքեր պատրաստող կազմի գլխաւոր աշխատողներն են: Յիշեալ անձինք Նոր Ջուղայ էին ժամանել Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի յատուկ կարգադրութեամբ եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհրդի հրաւէրով՝ Նոր Ջուղայի եւ Շահինշարի հայոց դպրոցներում դասաւանդող հայ ուսուցիչների, աշակերտութեան ծնողների եւ Կիրակնօրեայ դպրոցի ուսուցչական կազմի հետ հանդիպելու՝ նպատակ ունենալով տարրական օղակի Ա, Բ եւ Գ դասարանների համար նոր ձեւաւորւած կրօնի դասագրքերի փոխանցման եւ դասաւանդութեան ճիշտ ձեւերը ներկայացնելը:

Ծրագիրն իրականացաւ Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհրդի կողմից հայոց դպրոցներ առաքւած շրջաբերականի գործադրմամբ: Հինգշաբթի՝ դեկտեմբերի 17-ի առաւօտեան ժամը 11:00-ին Նոր Ջուղայի Կիրակնօրեայ Դպրոցի սրահում հանդիպում տեղի ունեցաւ հայաստանցի մասնագէտների եւ հայոց դպրոցի Ա, Բ եւ Գ տարրականի աշակերտութեան ծնողների միջեւ, որտեղ կրօնական ընդհանուր զրոյցով եւ մեր կեանքում Աստւածաշնչի անուրանալի կարւորութիւնը շեշտելով հանդէս եկաւ պրն Արշաւիր Գաբուճեանը, իսկ կրօնի նոր դասագրքերի կապակցութեամբ եւ դրանց ուսուցման վերաբերեալ մեթոդական տեղեկութիւններ փոխանցեց տկն Լիլիթ Տէր-Գրիգորեանը:

Ուրբաթ դեկտեմբերի 18-ի առաւօտեան ժամը 10:30-ին «Կատարինեան» դպրոցի սրահում եւ շաբաթ՝ դեկտեմբերի 19-ի յետմիջօրէի ժամը 4:30-ին Ս. Ամենափրկչեան Վանքի ժողովասրահում տեղի ունեցան հանդիպումներ Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց դպրոցների հայերէն բաժնի դասատուների եւ Կիրակնօրեայ դպրոցի ուսուցիչների հետ, որտեղ մանրամասն կերպով քննարկւեցին կրօնի դասագրքերի փոխանցման ձեւերն ու իւրայատկութիւնները, եւ բոլոր այն պարագաները, որ դասաւանդութեան ընթացքում պէտք է ուսուցիչների ուշադրութեան կենտրոնում լինեն: Դասաւանդութեան օրինակներ ներկայացւեցին եւ ընդհանուր գծերով յատկապէս աստւածաշնչեան դրւագների իմաստներն ու պատգամները ճիշտ հասկանալու սկզբունքներ ներկայացւեցին:

Ուսուցիչների կողմից կրօնի դասերի ու դասագրքերի վերաբերեալ հարցումներ ուղղւեցին դասախօսներին, որոնց բաւարար պատասխաններ տրւեցին:

Բոլոր հանդիպումները տեւեցին առաւել քան մէկ եւ կէս ժամ, որոնց ներկայ էին նաեւ Սպահանի Հայոց Թեմի թամեկալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, Կրթական եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհուրդների ներկայացուցիչները:

Կիրակի՝ դեկտեմբերի 20-ի յետմիջօրէի ժամը 5:00-ին, թեմակալ առաջնորդի նախագահութեամբ խորհրդակցական նիստ գումարւեց հրաւիրեալ մասնագէտների եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհրդի անդամների միջեւ, որտեղ քննարկւեցին բարձր դասարանների կրօնի դասագրքերի պատրաստման հարցը, ճշտւեցին ուղղութիւններ եւ բովանդակութեան ընդհանուր շրջագիծ: Աշխատանքը զարգանալու է համադրաբար: