Շաբաթ՝ դեկտեմբերի 19-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի, սուրբ եւ անմահ Պատարագ մատուցւեց հայոց թագաւոր Ս. Աբգար նախավկայի տօնի առթիւ: Օրւայ պատարագիչն էր արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Արարողութեանը մասնակցում էին հոգեւորականաց եւ դպրաց դասերը եւ հաւատացեալներ: Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Ս. Ամենափրկչեան վանքի «Կոմիտաս» երգչախումբը: 

Ս. Աբգար թագաւորի տօնին յիշատակւում է նաեւ Աբգարեան բարերար գերդաստանը, որը 1841 թւականին հիմնադիրը հանդիսացաւ Նոր Ջուղայի Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող «Հայկեան Հայրենասիրական» դպրոցի: Այդ իսկ պատճառով, գեղեցիկ աւանդութեան համաձայն, այս արարողութեանը ներկայացել էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգային մանկապարտէզ-նախակրթարանի սաները՝ իրենց տեսչութեան, ուսուցչական կազմի ու ծնողական խորհրդի անդամների ընկերակցութեամբ:

Արարողութեան ընթացքում օրւան պատշաճ քարոզեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը: Սրբազան Հայրն իր խօսքն ամբողջութեամբ ուղղեց դպրոցական սաներին, նրանց հասկանալի լեզւով գեղեցկօրէն ներկայացրեց օրւայ տօնի խորհուրդը եւ նրա իմաստն ու նշանակութիւնը մեր կեանքում, շեշտելով որ բոլորս պէտք է Ս. Աբգար նախավկայ թագաւորին օրինակ ունենալով՝ ամբողջական վստահութիւն եւ հաւատ ունենանք Աստծու եւ մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի նկատմամբ:

Արարողութեան ընթացքում մանկապարտէզ-նախակրթարանի բոլոր սաներն ու ներկայ ժողովուրդը Ս. Հաղորդութիւն ստացան:

Ս. Պատարագից յետոյ, եկեղեցու բակում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութեան միջոցով պատրաստւած գունագեղ փաթեթաւորմամբ մրգեր յանձնւեցին մանկապարտէզ-նախակրթարանի սաներին: Փաթեթները պատրաստւել էին դպրոցի ծնողական խորհրդի միջոցով:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)