Հայ մշակոյթի շաբաթւայ առթիւ, Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը՝ դարերի խորքից եկած հայկական ձեռարւեստի պահպանման, ինչու չէ նաեւ նոր սերնդի հետաքրքրութիւնն ու ուշադրութիւնը դէպի հայկական ձեռարւեստ կենտրոնացնելու նպատակով, իր կենտրոնատեղիում կազմակերպել էր ձեռագործի ցուցահանդէս, որտեղ արւեստասէրներն առիթ ունեցան մօտիկից տեսնելու հայուհու բարձրաճաշակ, իւրօրինակ եւ ինքնատիպ ձեռարւեստից մի գեղեցիկ փունջ: 

Բարեգործական ընկերութիւնը երկար տարիներ է, ինչ ամենամեայ կարգով, ձեռագործի մասնագէտներ Հիլդա Խուդաբախշեանի եւ Շնորայ Եսայեանի գլխաւորութեամբ կազմակերպւած դասընթացների մասնակիցների ձեռքի աշխատանքները ցուցադրութեան է դնում, սակայն այս տարի իր ձեռագործի ցուցահանդէսը նւիրելով Հայ մշակոյթի շաբաթւայ պանծալի առիթին՝ ցուցադրեց ձեռարւեստի ուսուցչուհի Հիլդա Խուդաբախշեանի եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայուհիների ձեռագործերը, ովքեր բախտ էին ունեցել ժամանակին աշակերտելով տկն. Խուդաբախշեանին, սերտել արւեստի այս բաժնի տարբեր տեսակները: Ցուցահանդէսում հիմնականում ներկայացւել էին ասեղնագործ եւ մաքուքագործ սեղանի ծածկոցներ եւ շրջանակներ՝ հայկական զարդանախշերով:

Մէկ շաբաթ տեւողութեամբ այս ցուցահանդէսի բացումը տեղի ունեցաւ ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ի առաւօտեան՝ ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ ներկայութեամբ Բարեգործական ընկերութեան անդամուհիների ու արւեստասէր ժողովրդի:

Բացման հանդիսութիւնն աւարտւեց ընկերութեան կենտրոնատեղիի շրջափակում կազմակերպւած համեստ հիւրասիրութեամբ:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)