Երկուշաբթի՝ 2015 թւականի հոկտեմբերի 19-ին, Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցու անւանակոչութեան տօնի (Ս. Ա. Վանքի տօն) առթիւ թեմակալ առաջնորդին եւ Ազգային իշխանութեանը շնորհաւորանքներ փոխանցելու եւ Ազգային առաջնորդարանի դարաւոր կառոյցին առաւել ծանօթանալու նպատակով, Ս. Ա. վանք այցելեցին Նոր Ջուղայի հայոց ազգային «Կատարինեան» տղայոց դպրոցի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտները: Սաներին ուղեկցում եւ ընկերակցում էին դպրոցի տեսչութեան, ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի ներկայացուցիչներ:

Ս. Ա. վանք մուտք գործելուց յետոյ, նրանց դիմաւորեցին Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ Հանրային կապի գրասենեակների գործավարները: Սկզբում խումբն այցելեց «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի, որտեղ նրանց տեղեկութիւններ փոխանցւեց Ս. Ամենափրկչեան վանքի կառուցման, եկեղեցու ճարտարապետութեան, պատկերների եւ յարակից զանազան հարցերի շուրջ:

Յաջորդիւ, Ծաղկեայ դահլիճում, աշակերտութեանն այցելեց Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն սրբազան արք. Չարեանը: Հանդիպմանը ներկայ էին նաեւ արժն. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, Կրօնական խորհրդի ատենապետ պրն. Վարուժ Մովսիսեանը եւ Կրթական Խորհրդի ներկայացուցիչները: Թեմակալ առաջնորդը ողջունելով աշակերտութեան այցելութիւնը Ս. Ա. վանք եւ գնահատելով պատասխանատուների մտայղացումը, նրանց յորդորեց բծախնդիր լինել ազգային, կրօնական, մշակութային արժէքների պահպանման հարցում եւ կրթութեան ու գիտութեան կողքին մշտապէս հետաքրքրւել համայնքի ընդհանրական կեանքով: Այնուհետեւ արտայայտւեցին դպրոցի փոխ-տեսուչ պրն. Ռուբէն Խաչիկ-Գրիգորեանը եւ մշակութային աշխատանքների պատասխանատու, եւ հայերէնի ուսուցչուհի Սօսէ Պօղոսեանը:

Հանդիպումից յետոյ, խումբն այցելեց Ս. Ա. վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարան, որտեղ գրադարանավարուհին նրանց ծանօթացրեց գրադարանի զանազան բաժիններին, աշխատանքներին ու հնարաւորութիւններին, ապա դպրոցի նորամուտներին յանձնեց գրադարանի անդամակցութեան նոր տոմսեր: «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարանը եղաւ աշակերտութեան այցելութեան յաջորդ հանգրւանը:

Այցելութիւններից յետոյ, աշակերտներն իրենց պատասխանատուների հետ Ս. Ա. վանքի արեւելեան բակի տարածքում վայելեցին Ծնողական խորհրդի կողմից պատրաստւած հիւրասիրութիւնը: