Երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի եւ ներկայութեամբ թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի, Պատգամաւորական Ժողովի Դիւանի, Թեմական, Կրօնական եւ Կրթական խորհուրդների անդամների, Շահինշահրի հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչների, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայոց դպրոցների հանգստի կոչւած ու աշխատող հայ տեսուչների եւ ուսուցիչների ու մի շարք այլ հրաւիրեալների, հայ ուսուցչի տօնի առթիւ եւ մասնաւորապէս կրթութեան ու լուսաւորութեան մշակներին մեծարելու նպատակով տեղի ունեցաւ հանդիսաւոր երեկոյթ:

Միջոցառման մեկնարկը տրւեց օրւայ հանդիսավար, Կրթական խորհրդի անդամուհի Ադրինէ Ստեփանեանի շնորհաւորանքի խօսքով եւ հայ ուսուցչին նւիրւած մաղթանքներով, ապա արտայայտւեց նոյն խորհրդի ատենապետ Սաթօ Աւետումեանը: Նա ընդգծեց. «Ոսկեդարից մինչեւ այսօր հայ ուսուցիչը հաւատարիմ է առաջին ուսուցիչ Ս. Մեսրոպ Մաշտոցի պատգամին: Անգնահատելի է ուսուցչի դերը եւ անփոխարինելի է նրա առաքելութիւնը կրթութեան ոլորտում: Նրանց շնորհիւ մենք մուտք ենք  գործում գիտութեան հարուստ գանձարան եւ գտնում գիտելիքների մի ամբողջ պաշար: Ուսուցիչն ազգային արժէք է, իսկ ուսուցչութիւնը՝ կոչում»: Տկն. Աւետումեանը յարգանքի խօսք ուղղեց վերջերս մեզանից առյաւէտ հեռացած վաստակաւոր ուսուցիչներ՝ Ժերմէն Բաբայեանի եւ Էլւիրա Ղազարեանի յիշատակին, ապա շնորհաւորելով հայ ուսուցչին՝ իր տօնի կապակցութեամբ, նրանց անսպառ ուժ ու եռանդ մաղթեց՝ սերունդներ դաստիարակելու գործում:

Այնուհետեւ գրքերի տեսքով ձեւաւորւած կարկանդակը հատւեց նախորդ ուսումնական տարեշրջանի ընթացքում հանգստի կոչւած ուսուցիչներ՝ Վարուժ Մովսիսեանի ու Ջանի Թահմազեանի միջոցով, որից յետոյ յիշեալներն իրենց պատւոգրերն ստացան թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր ձեռամբ:

Յաջորդիւ Թեմական խորհրդի անունից արտայայտւեց խորհրդի ատենապետ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը: Նա շնորհաւորանքի խօսք ուղղեց մշակոյթի օրւայ եւ ուսուցչի տօնի կապակցութեամբ, ապա շեշտելով մատաղ սերնդի կրթութեան եւ դաստիարակութեան գործում ուսուցչի առաքելութիւնը, կարեւորութեամբ անդրադարձաւ սփիւռքեան պայմաններում աշխատող ուսուցչի դերին, ովքեր կրթելու եւ դաստիարակելու հետ զուգահեռ մեծ ջանք են գործադրում հայապահպանման եւ աշակերտների մօտ հայրենասիրութեան զգացում առաջացնելու ուղղութեամբ: Պրն. Տէր-Մարտիրոսեանն իր խօսքի երկրորդ բաժնում խորը յարգանքով յիշեց Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ նրա աշակերտներին, ինչու չէ նաեւ նրանց միջոցով իրականացւած մեծ աշխատանքը՝ հայոց այբուբենի ստեղծման, հայկական դպրոցների հիմնադրման ու Աստւածաշնչի թարգմանութեան ուղղութեամբ՝ հայ ուսուցչի համար մեծ պատիւ համարելով Մաշտոցի նման ուսուցչապետ ունենալը:

Ծրագրի շարունակութեան մէջ  պաստառի վրայ ցուցադրւեցին Կրթական խորհրդի միջոցով պատրաստւած տեսանիւթերը, ուր իրենց յոյզերն ու մաղթանքներն էին արտայայտել հայոց ազգային դպրոցների վաստակաւոր տեսուչներ՝ Խաթունիկ Ալեքսանդրեանն ու Հայկ Հայրապետեանը, իսկ իրենց ուսուցիչներից ունեցած սպասելիքների մասին անկեղծացել էին տարբեր օղակների աշակերտները:

Մթնոլորտն աւելի ջերմացաւ գեղարւեստական անզուգական կատարումների եւ հաճելի անակնկալների շնորհիւ: Ծրագրի ընթացքում հայ երգով հանդէս եկան Արսինէ Ալեքսանդրեանը՝ խմբավար Համիկ Ալեքսանդրեանի երգեհոնի նւագակցութեամբ եւ Րաֆֆի Խուդաբախշեանը, որը երգը մատուցեց իր եւ Ժանետ Խուդաբախշեանի միջոցով կատարւող կիթառի երաժշտութեան ներքոյ: Սաքսոֆոնի կատարմամբ ելոյթ ունեցաւ Ասպետ Սիմոնեանը: Ուշագրաւ էին յատկապէս ուսուցիչների համար նախատեսւած մրցութիւնները, որոնք նոյնպէս մեծ խանդավառութիւն պատճառեցին բոլորին: Մրցոյթների արդիւնքում  պարգեւատրւեցին յաղթողները:

Ընթրիքից յետոյ Կրթական խորհրդի յատուկ դասաւորութեամբ դպրոցների անունից հնչեց խօսքեր, ուր շնորհաւորանքի եւ շնորհակալական արտայայտութիւններով ու բարեմաղթանքներով ելոյթ ունեցան Նոր Ջուղայի հայոց ագզային մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչուհի Սքարլետ Հայրապետեանը, «Կատարինեան» տղայոց միջնակարգ դպրոցի փոխտեսուչ Ռուբէն Գրիգորեանը, «Արմէն» երկսեռ տարրական  կրթահամալիրի տեսուչ Վրէժ Շիրւանեանը, «Քանանեան» աղջ. միջնակարգ դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնեանը եւ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց»  ու «Մասիս» տարրական եւ ուղեցոյց դպրոցների ուսուցչուհի Վիոլետ Յարութիւնեանը:

Հարկ է նշել, որ ծրագրի ընթացքում Կրթական խորհրդի պատասխանատուները մօտենալով սեղաններին, ուսուցիչներին էին յանձնում նոյն խորհրդի կողմից նախատեսւած պատւոգրերն ու նւէրները:

Վերջում ներկաներին իր հայրական օրհնանքը փոխանցեց Տ. Բաբգէն արք. Չարեանը: Նա անդրադառնալով Քրիստոսին՝ որպէս մեծ ուսուցչապետ, որն աշխարհ եկաւ մարդկային մտքին փոփոխութիւն տալու համար, նշեց. «Քրիստոսն ասաց մեծութիւնը խոնարհութեան մէջ է: Սակայն նա իր այս պատգամը միայն բառերով չարտայայտեց, այլ բացատրեց ու փոխանցեց իր կեանքով: Յիսուս Քրիստոսն մեր մեծ ուսուցչապետն է եւ Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Հայրապետն ու թարգմանիչ վարդապետները Քրիստոսի օրինակով կատարեցին իրենց առաքելութիւնը»: Սրբազան Հայրն ուսուցչութիւնը մարդակերտումի առաքելութիւն համարելով՝ ասաց, որ ուսուցիչը պէտք է անկեղծ եւ նախանձախնդիր լինի իր առաքելութեան մէջ, ապա գնահատանքի խօսք ուղղելով երեկոյթի կազմակերպիչներին, ուսուցիչներին շնորհաւորեց առիթի կապակցութեամբ:
 
 

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան