Չորեքշաբթի՝ 2015 թւականի սեպտեմբերի 16-ին, Ս. Ամենափրկչեան Վանք այցելեց ԵՄ-ի ամենաերիտասարդ նախարար՝ Աւստրիայի Հանրապետութեան Արտաքին գործոց նախարար Սեբաստիան Կուրցը:

Ըստ «Ֆարս» լրատւամիջոցի զեկոյցի, նախարարը Իրան էր ժամանել Իրանի Ա.Գ.Ն. Մոհամմամդ Ջաւադ Զառիֆի հրաւէրով, որի նպատակն էր ընդլայնել Իրան-Աւստիա յարբերութիւնները եւ կապերը: Նա Իրանում իր երկօրեայ ներկայութեան ընթացքում Զառիֆի հետ հանդիպումից բացի հանդիպումներ է ունեցել նաեւ պետական այլ բարձրաստիճան պատասխանատուների հետ, որտեղ քննարկւել է տարածքային եւ համազգային զարգացումները:

Ս. Ամենափրկչեան վանքում հիւրերին ընդառաջ գնացին Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը, Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետերն ու անդամները, որոնց հետ Ս.Ա. վանքի Ծաղկեայ դահլիճում հանդիպում ունեցաւ նախարարը:

Հանդիպման ընթացքում հոգշ. Տ. Անանիա վրդ. Գուճանեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Վրէժ Տէր-Մարտիրոսեանը բարիգալստեան խօսքերով ողջունեցին հիւրերի ներկայութիւնը եւ բարձր գնահատեցին Աւստրիայի պետութեան կողմից հայերի նկատմամբ ցուցաբերած պաշտպանութիւններն ու Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Պրն. Վրէժ Տէր-Մարտիրոսեանը ներկաներին վստահեցրեց, որ Իրանում միաստւածեան կրօնների հետեւորդների եւ տարբեր ազգերի միջեւ գոյութիւն ունի խաղաղ գոյակցութիւն եւ մշակութային յարաբերութիւնների զարգացում: Շարունակութեան մէջ պրն. Վրէժը մատնանշեց, որ Իրանի պետութիւնը ոչ մի ջանք չի խնայում պահպանելու եւ նորոգելու հայերի համար մշակութային արժէք ներկայացնող կառոյցները եւ մեծ բիւդջէներ է տրամադրում այդ աշխատանքներին, մինչդեռ որոշ հարեւան երկրներում ամբողջութեամբ աւերում եւ քանդում են դրանք եւ այս հարցը պէտք է միջազգային համագումարների եւ պատկան հաստատութիւնների ուշադրութեան լուրջ առարկայ դառնայ:

Այնուհետեւ նախարար Սեբաստիան Կուրցը հետաքրքրւեց թէ իրանահայերն ինչ կարծիք ունեն Իրանի եւ հնգեակի միջեւ ատոմային համաձայնութեան ուղղութեամբ, ինչ փոփոխութիւններ են ակնկալում ապագայի համար եւ դրանք ինչպէս են ազդելու իրանահայութեան կեանքի վրայ: Նախրարը նաեւ հարցումներ ուղղեց Իրանում Մարդկային իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ եւ այն որ՝ ըստ իրենց տեղեկութիւնների Իրանի երիտասարդների դժւարութիւններից ամենակարեւորն անգործութիւնն է, որի լուծման համար երիտասարդները լքում են երկիրը եւ այլ երկրներ աշխատում, մինչդեռ իրենց երկրում դա այդպէս չէ եւ երիտասարդները հենց իրենց երկրներում են աշխատում:

Ի պատասխան վերոնշեալ հարցադրումների, Հայր Անանիան եւ Թեմական խորհրիդ ատենապետը բացատրեցին թէ՝ բնականաբար ատոմային համաձայնութիւնը եւ դրա արդիւնքում սահմանափակումների չեղեալ յայտարարւելը դրական ազդեցութիւն է ունենալու հասարակական եւ տնտեսական ոլորտներում եւ հայերն եւս իբրեւ Իրանի համահաւասար քաղաքացիներ զերծ չեն մնալու այդ դրական փոփոխութիւններից: Իսկ Մարդկային իրաւունքներին կապւած խնդիրները օտարերկրացիների մօտ խիստ չափազանցւած է ներկայացւած, մինչդեռ իրականում պարագան այլ կերպ է: Անգործութեան եւ երիտասարդութեան խնդրով ասւեց, որ թէեւ տոկոսային առումով անգործութիւնը բարձր է գնահատւում Իրանում, սակայն դա համաշխարհային խնդիր է եւ Իրանի երիտասարդութիւնը ոչ թէ դրա պատճառով է, որ թողնում է երկիրը եւ արտագաղթում, այլ պատճառը արեւմտաեան կեանքից նրանց ունեցած շատ յաճախ ոչ-իրական պատկերացումներն ու տպաւորութիւններն:

Վերջում երկու կողմերը միմեանց նւիրեցին յուշանւէրներ: Հանդիպումից յետոյ, նախրարն այցելեց «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի:...