Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ՝ մայիսի 22-ի երեկոյեան ժամը 7:30-ին, շրջանի Հայ Դատի յանձնախմբի կենտրոնատեղիի սրահում, կազմակերպւել էր ժողովրդական հանդիպում, որտեղ ներկաներն առիթ ունեցան հանդիպելու Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած «Հայոց Ցեղասպանութիւն, պատմութիւն, դատապարտում եւ փոխհատուցում» խորագրով գիտաժողովի շրջագծում Հայաստանից ժամանած հինգ զեկուցաբերեր՝ «Մոդուս Վիվենդի» հասարակական ուսումնասիրութիւնների կենտրոնի ղեկավար, դիւանագէտ Արա Պապեանին, պատմ. գիտ. դոկտոր (ՀՀ ԳԱԱ  պատմութեան ինստիտուտ) Էդւարդ Դանիէլեանին, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ (ՀՀ ԳԱԱ  պատմութեան ինստիտուտ) Արմէն Մարուքեանին, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (ՀՀ ԳԱԱ  պատմութեան ինստիտուտ) Գէորգ Ստեփանեանին եւ «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն» գիտահետազօտական հիմնադրամի թուրքերէն բաժնի պատասխանատու, պատմ. գիտ. թեկնածու Մելինէ Անումեանին:

Ծրագրին ներկայ էին քահանայից դասի, ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ագզային դպրոցների ներկայացուցիչները եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների անդամները:

Սկզբում կազմակերպիչ յանձնախմբի անունից բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ Սօսէ Պօղոսեանը, որից յետոյ նախ Արա Պապեանը դասախօսեց «Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնումը, հիմնախնդիրներն ու հեռանկարները» նիւթի շուրջ, ապա Մելինէ Անումեանը ելոյթ ունեցաւ «Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը երիտ-թուրքերի դատական վաւերագրերում» թեմայով:

Իւրաքանչիւր ելոյթի աւարտին ներկաներն իրենց յուզող հարցերի պատասխաններն ստացան դասախօսներից եւ առիթ ունեցան իրենց տեսակէտներն արտայայտելու արծարծւած նիւթերի շուրջ, որոնցով առաւել մանրամաս քննարկւեցին դասախօսական թեմաները: