Երկուշաբթի՝ 2015 թւականի մայիսի 11-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում, Մեծ Եղեռնի 100-ամեակի Ոգեկոչման յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր գնահատման երեկոյ՝ նոյն յանձնախմբի աշխատնքների ծիրում կազմակերպւած «Նկարչութեան ցուցահանդէս»-ի եւ «Գիտելիքների մրցոյթ»-ի մասնակիցների համար: Ձեռնարկին ներկայ էին Համայնքային Վարչութիւնը, մասնակիցների ծնողներն ու մի շարք հրաւիրեալներ:

Երեկոյի բացումը կատարեց վերոնշեալ յանձնախմբի անդամ՝ տկն. Վարդուհի Պօղոսեանը, որը բարի գալուստ մաղթելով ներկաներին՝ խօսքը փոխանցեց յանձնախմբի նախագահ պրն. Արիս Դաւթեանին: Վերջինս ողջունելով ներկաներին՝ բարձր գնահատեց բոլոր մասնակիցներին՝ նրանց ցուցաբերած խանդավառ մասնակցութեան համար եւ շնորհակալութիւն յայտնեց յանձնախմբի հետ համագործակցած բոլոր անձանց:

Գնահատագրերի եւ նւէրների յանձման համար բեմ հրաւիրւեցին Համայնքային Վարչութեան ներկայացուցիչ՝ պրն. Սարօ Շահմիրզայեանը, Համայնքային Վարչութեան եւ յանձնախմբի աշխատանքները համադրող՝ տկն. Մարիտա Քեշիշեանը եւ յանձնախմբի անդամ՝ տկն. Մարինա Մանասէրեանը:

Գնահատագրեր ստացան «Նկարչութեան ցուցահանդէսի» եւ «Գիտելիքների մրցոյթի» բոլոր մասնակիցները, իսկ գնահատագրից բացի նւէրներ ստացան նշեալ ցուցահանդէսին մէկից աւելի ստեղծագործութեամբ հանդէս եկած մասնակիցները եւ «Գիտելիքների մրցոյթ»-ին առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցնողները:

Ձեռնարկի փակման խօսքն արտայայտեց դպրոցի հայերէն բաժնի փոխտեսուչ՝ պրն. Ջանիկ Թահմազեանը, որը եւս իր հերթին իր շնորհաւորանքի խօսքն ուղղելով բոլոր մասնակիցներին՝ նրանց մաղթեց առաւել ոյժ, յառաջադիմութիւն եւ նորանոր վերելքներ կեանքի բոլոր ասպարէզներում:

Ձեռնարկի աւարտին տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն: