Սպահանի հայոց թեմի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի Համալսարանական ենթայանձնախմբի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2015 թւականի մայիսի 21-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ գիտաժողով՝ «Հայոց Ցեղասպանութիւն, պատմութիւն, դատապարտում եւ փոխհատուցում» խորագրով: Գիտաժողովին որպէս ունկնդիրներ ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, թեմի հոգեւորականաց դասը, Իրանի Իսլ. Խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Սպահան քաղաքի հինգերորդ շրջանի քաղաքապետ ճարտ. Ասարզադեգանը, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները, պետական բարձրաստիճան պաշտօնատարներ, թեմի ազգային մարմինների, միութիւնների եւ հայոց ազգ. դպրոցների ներկայացուցիչները, տարբեր համալսարանների հայ եւ պարսիկ դասախօսներ ու ուսանողներ եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայ համայնքների անդամները:

Ծրագրի պաշտօնական բացումը կատարւեց առաւօտեան ժամը 10-ին, Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմնի յոտնկայս ունկնդրութեամբ, ապա օրւայ հանդիսավար՝ Ջանսոն Աղաբաբայեանը բարիգալստեան խօսք ուղղելով ներկաներին հրաւիրեց դոկտ. Սիլւա Ալլահվերդեանին կազմակերպիչ յանձնախմբի խօսքն ընթերցելու, որից յետոյ Սպահանի հայոց թեմի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի անունից արտայայտւեց յանձնախմբի ատենապետ Նոէլ Մինասեանը: Պրն. Մինասեանն իր խօսքում անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան մարդկային կորուստներին, Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդին պատճառած նիւթա-բարոյական ահռելի վնասներին եւ «Յիշում եմ ու պահանջում» նշանաբանի պատգամին, աւելացրեց. «Այս գիտաժողովի կազմակերպման նպատակն է՝ տարբեր երկրների  մտաւորականների եւ դասախօսների գիտութեան եւ փորձի փոխանակման միջոցով կատարել փոքր, բայց հաստատուն քայլեր գիտական հետազօտութիւնների համար, օգտւելով ժամանակակից մեթոդները՝ ախտորոշում, յանցագործութիւնների պատճառների քննարկում, կանխարգելում եւ որ ամենակարեւորն է՝ դատապարտում»:

Որպէս զեկուցաբեր սոյն գիտաժողովում ելոյթ ունեցան ազգութեամբ պարսիկ, հայ եւ թուրք 10 մտաւորականներ Իրանից, Հայաստանից եւ Լիբանանից, հետեւեալ ծրագրով.

Առաջին նիստ՝ Առանցքային ելոյթներ բաժնում, նախագահութեամբ՝ Էդւարդ Դանիէլեանի եւ Նորայր Թումանեանի, զեկուցաբերերը ներկայացան հետեւեալ թեմաներով՝

-«Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան վերականգնումը, հիմնախնդիրներն ու հեռանկարները»՝ Մոդուս Վիվենդի հասարակական ուսումնասիրութիւնների կենտրոնի ղեկավար՝ Արա Պապեան.

-«Ցեղասպանութեան ընթացքում հայ որբերի բռնի դաւանափոխութիւնն ու ձուլումը. Անթուրայի որբանոցի իրավիճակը: Ձուլում և դիմադրում»՝ պատմ. գիտ. դոկտ. եւ Լիբանանում Ամերիկեան Համալսարանի՝ Հումանիտար գիտութիւնների ֆակուլտետի դասախօս՝ Սելիմ Մեհմեթ Դերինգիլ.

Երկրորդ նիստ՝ Հայոց Ցեղասպանութեան պատմաքաղաքական վերընթերցումներ բաժնում, նախագահութեամբ՝ Արա Պապեանի եւ Սիլւա Ալլահվերդեանի, զեկուցաբերերը ներկայացրին հետեւեալ թեմաները՝

-«Հայերի կոտորածները Բաքւի նահանգում եւ թուրք-ադրբեջանական իշխանութիւնների պատասխանատւութիւը» պատմ. գիտ. դոկտ. պրոֆեսոր՝ Գէորգ Ստեփանեան, ՀՀ ԳԱԱ  պատմութեան ինստիտուտ.

-«Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման իրաւական ու քաղաքական հեռանկարները»՝ պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ՝ Արմէն Մարուքեան, ՀՀ ԳԱԱ  պատմութեան ինստիտուտ.

-«Հայաստանի պատմաքաղաքակրթական ամբողջականութիւնը ընդդէմ թուրք-ադրբեջանական սնանկ կեղծարարութիւնների»՝ պատմ. գիտ. դոկտոր՝ Էդւարդ Դանիէլեան, ՀՀ ԳԱԱ  պատմութեան ինստիտուտ.

-«Հայաստանը Օսմանական պատմական եւ աշխարհագրական աղբիւրներում ու փաստաթղթերում (16-րդ  դարից)»՝ պատմ. գիտ. թեկնածու, ԻԻՀ Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Կարէն Խանլարեան.

Երրորդ նիստ՝ Միջազգային իրաւունք բաժնում, նախագահութեամբ՝ Կարէն Խանլարեանի եւ Անդրանիկ Սիմոնեանի, զեկուցաբերերը հանդէս եկան հետեւեալ թեմաներով՝

-«Հայոց Ցեղասպանութեան իրաւական պարադոքսները»՝ պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ եւ Իրանի «Խորասգան» իսլամական ազատ համալսարանի Իրաւաբանական ֆակուլտետի դասախօս՝ Մոհամմադ Շարիֆ Շահի.

-«Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը երիտ-թուրքերի դատական վաւերագրերում  (1919-1921)»՝ պատմ. գիտ. թեկնածու եւ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի գիտահետազօտական հիմնադրամի թուրքերէն բաժնի պատասխանատու՝  Մելինէ Անումեան.

Չորրորդ նիստ՝ Հայոց Ցեղասպանութեան մշակութային հետեւանքներ բաժնում, նախագահութեամբ՝ Ռոբերտ Բեգլարեանի եւ Մոհամմադ Շարիֆ Շահիի, զեկուցաբերերը ներկայացան հետեւեալ թեմաներով՝

-«Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայ գրականութեան աւանդոյթները» բան. գիտ. թեկնածու, դոցենտ եւ Թեհրանի իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզւի եւ գրականութեան ամբիոնի վարիչ՝ Անդրանիկ Սիմոնեան.

-«Հայերի մշակութային ժառանգութեան ոչնչացումը»՝ մշակութային եւ պատմական հետազօտող եւ «Պայման» պարբերականի խմբագրական կազմի անդամ՝ Շահէն Յովսէփեան.

Իւրաքանչիւր ելոյթի աւարտին առիթ ընձեռւեց հանդիսատեսին իրեն յուզող հարցերն ուղղել զեկուցաբերերին:

Դասախօսական ելոյթներն աւարտւեցին երեկոյեան ժամը 7:30-ին, որից յետոյ ընթերցւեց կազմակերպիչ յանձնախմբի ամփոփիչ խօսքը, ուր ընդգծւել էին գիտաժողովում շեշտւած խնդիրները հետեւեալ կարգով.

ա. Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովուրդը կրեց մարդկային մեծ կորուստներ, ենթարկւեց հայրենազրկութեան, կորցրեց իր մշակութային հարստութեան հիմնական մասը եւ մազապուրծ փրկւածներից զգալի մասը բռնի կրօնափոխ եղաւ: Ցեղասպանութեան քաղաքականութեան շարունակութեան հետեւանքով  բնաջնջւեցին նաեւ Բաքւի հայերը:

բ. Թուրքիայի իրարայաջորդ իշխանութիւնները շարունակել եւ շարունակում են իրենց ժխտողական քաղաքականութիւնը. կիրառելով կեղծարարական գործելաոճ՝ փոխում են հայկական տեղանունները եւ խեղաթիւրում պատմական եկեղեցիներն ու յուշակոթողները:

գ. Թուրքիայի իշխանութիւնների ժխտման պաշտօնական քաղաքականութիւնը մարդկայնօրէն եւ իրաւականօրէն չի կարող արդարացնել Օսմանական Թուրքիայի կողմից իրագործւած Հայոց Ցեղասպանութիւնը:

դ. Իրաւական վաւերականութիւն ունեցող փաստաթղթերը, ինչպէս նաեւ թուրքական պատմական աղբիւրները անհերքելիօրէն ապացուցում են Արեւմտեան Հայաստանի բռնագրաււած հողերի պատկանելիութիւնը հայ ժողովրդին:

ե. Հայ ժողովրդի պահանջներն են՝ արդարութեան վերականգնումը, Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը միջազգային տարբեր կազմակերպութիւնների կողմից, յանցագործների դատապարտումը եւ փոխհատուցումը, որոնք երաշխաւորելու են նաեւ մարդկութեան դէմ յետագայ ցեղասպանութիւնների կանխարգելումը:

Վերջում որպէս օրւայ եզափակիչ ելոյթ՝ իր հայրական պատգամը փոխանցեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն արք Չարեանը: Նա շեշտելով, որ 100-ամեակով չի աւարտւում հայ ժողովրդի աշխատանքը, այլ թեւակոխելով մի նոր հանգրւան պէտք է լինել՝ աւելի ուժեղ, աւելի միակամ ու աւելի գիտակից, յորդորեց՝ վստահել մեր ուժերին, համազգային մի նոր ռազմավարութիւն որդեգրել եւ միացեալ կամքով ու ուժով յաղթահարել մեր առջեւ դրւած բոլոր մարտահրաւէրները:

Այնուհետեւ բեմ հրաւիրւեցին Սպահանի Հայոց Թեմի Առաջնորդ Տէր Բաբգէն Արք. Չարեանը, Թեմական Խորհրդի ատենապետ՝ Վրէժ Տէր Մարտիրոսեանը, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ատենապետ՝ Նոէլ Մինասեանը, Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ Վարուժ Մինասեանը, որոնց ձեռամբ գնահատագրեր եւ յուշանւէրներ յանձնւեցին օրւայ զեկուցաբերերին:

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան