Կիրակի՝ 2015 թւականի մայիսի 10-ին, Ս. Ամենափրկչեան վանք այցելեց Հայաստանի հաշմանդամների «Փիւնիկ» միութիւն հասարակական կազմակերպութեան բասկետբոլի հաւաքականը: Խումբը մայիսի 10-ից 15-ը գտնւելու է Սպահանում՝ մասնակցելու Սպահանի քոյր քաղաքների հաշմանդամների մարզախմբերի մասնակցութեամբ մայիսի 12-ից 15-ը կազմակերպւած միջազգային առաջնութեան մարզական մրցումներին, որին մասնակցելու յայտ են ներկայացրել 14 քոյր քաղաքներից՝ 13-ը:

«Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի եւ «Խաչատուր Կեսարացի»-ի անւան թանգարան այցելելուց յետոյ, խումբը հիւրընկալւեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի միջոցով: Հանդիպմանը ներկայացաւ նաեւ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանը, ով յաջողութիւն եւ վերելք մաղթեց հաւաքականի բոլոր անդամներին, կարեւորելով Իրան-Հայաստան բարի-դրացիական փոխ-յարաբերութիւնները, որի զարգացմանը նպաստելու է նաեւ մարզական միջոցառումներին եւ փառատօններին կողմերի մարզական խմբերի մասնակցութիւնը:

Թեմական խորհրդի փոխատենապետ պրն. Վարուժ Մովսիսեանը հակիրճ կերպով հիւրերին ներկայացրեց Թեմի ընդհանուր դրւածքը, իսկ խմբի ղեկավար պրն. Յակոբ Աբրահամեանը համառօտ բացատրեց հաւաքականի հիմնադրման եւ աշխատանքների մասին: Նա նշեց, որ թէեւ ներկայ պայմաններում մեծ դժւարութիւններ է դիմակայում հաւաքականը, սակայն յոյս յայտնեց, որ յառաջիկայում աւելի է կարեւորւելու մարզական ոլորտը՝ Հայաստանի Հանրապետութիւնում:

Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը, ողջունելով մարզիկների ներկայութիւնը, լուսաբանութիւններ տւեց հայութեան եւ հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ Իրանի իշխանութեան բարեացակամ մօտեցումների եւ օժանդակութիւնների մասին:

Վերջում, գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի եւ պրն. Նոէլ Մինասեանի ձեռամբ յուշանւէրներ փոխանցւեցին հաւաքականի անդամներին: