Հինգշաբթի` ապրիլի 16-ին, ժամը 19:30-ին, իտալական Rai պետական ռադիօ-ընկերութեան լրագրող՝ Քարմելա Ջիգլիօն եւ նրան ընկերակցող աշխատակազմը այցելեցին Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղի, որոնք նախ շրջեցին միութեան բաժանմունքները, ապա Կենտրոնական գրասենեակում նրանց ընդունեցին միութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները եւ միութեան թղթակիցը: Այցի նպատակն էր ռադիօ-հաղորդում պատրաստել Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ ընդհանրապէս Նոր Ջուղայի մասին:

Լրագրողը հարցազրոյց ունեցաւ Կենտրոնական վարչութեան անդամ եւ Իրանի կանանց բասկետբոլի մարզիչ Այլին Մելիքեանի հետ, ով բացադրութիւններ փոխանցեց միութեան մարզական կեանքի, ինչպէս նաեւ համահայկական խաղերի կապակցութեամբ, յատկապէս նշեց Հայաստանում իրականացւող Համահայկական խաղերին մասնակցելու առումով Իրանի պետութեան հովանաւորութեան մասին: Վարչութեան քարտուղար Միգանուշ Տէր-Մարտիրոսեանն ընդհանուր գծերով անդրադարձաւ միութեան դրւածքին ու աշխատանքներին, յատկապէս կենտրոնացաւ Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած ծրագրերին: Նա կարեւորութեամբ ընդգծեց թւականիս ապրիլի 15-ին, Վատիկանի Ս. Պետրոս տաճարում Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած պատարագի ընթացում Հռոմի պապի ելոյթը, որով Հռոմի Պապը 1915 թւականին տեղի ունեցածը որակել է Ցեղասպանութիւն եւ ողջունեց Հռոմի Պապի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչելու կարեւոր երեւոյթը: Մշակութային միաւորի կապ Լորետա Դաւթեանը բացադրութիւններ փոխանցեց մշակութային միաւորի աշխատանքների եւ Իրան-Հայաստան մշակութային կապերի մասին, նաեւ Հայաստանում իրականացւող մշակութային փառատօներին միաւորի խմբերի մասնակցութեան կապակցութեամբ, իսկ վերջում տեղեկութիւններ հաղորդեց Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած մշակութային միջոցառումների վերաբերեալ: Միութեան թղթակից Երանուշ Թահմազեանը, ընդհանուր գծերով ներկայացրեց Նոր Ջուղայի հայ համայնքի դրւածքը, անդրադարձաւ Իրանում լոյս տեսնող հայկական լրատւամիջոց՝ «Ալիք» օրաթերթին, ինչպէս նաեւ Նոր Ջուղայում հրատարակւող «Նոր Ջուղայի տեղեկատու» երկամսեայ պարբերականին, որոնց հետ համագործակցում է թղթակիցը, ապա ներկայացնելով ապրիլի 13-ին «Ալիք» օրաթերթում լոյս տեսած համարը, նշեց Հռոմի Պապի ելոյթի արձագանքը հայկական լրատւամիջոցներում:

Rai ռադիօ-ընկերութեան լրագրողին հետաքրքրեց «Ալիք» օրաթերթի ճակատում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի լոգոտիպը՝ անմոռուկ ծաղիկը, որի խորհրդանշական իմաստի մասին եւս բացադրութիւն տրւեց նրան, իսկ զրոյցին մասնակիցները պատասխանելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների ուղղութեամբ կատարւած հարցադրումներին, ցաւ յայտնելով այդ մասին, ասացին, որ ցաւալի է, որ դեռեւս իրականանում են նման ոճրագործութիւններ եւ չեն ցանկանում, որ որեւէ ժողովրդի նկատմամբ տեղի ունենայ նման ողբերգութիւն: Նրանք համոզում յայտնեցին, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ միջազգայնօրէն չի դատապարտւել այն, աշխարհում դեռ ականատեսն ենք լինելու նման անմարդկային երեւոյթների: