Չորեքշաբթի՝ ապրիլի 22-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում ճարտասանութեան մրցոյթ իրականացւեց՝ «Քանանեան» աղջկանց դպրոցի միջնակարգ օղակի աշակերտուհիների մասնակցութեամբ: Մրցոյթին ներկայ էին քահանայից դասը, ազգային մարմինների եւ Սպահանի հայոց թեմի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի ու մշակութային միջոցառումների ենթայանձնախմբի ներկայացուցիչները, դպրոցի ուսուսցչական կազմը« աշակերտուհիները եւ ծնողները:

Սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնեանը« նշելով` «Մշակոյթը մի ամբողջութիւն է` ազգի հոգեմտաւոր յոյզերի, երազների ու ձգտումների: Այս բոլորի մէջ լեզուն դարձել է հայ մշակոյթի ողնասիւնը: Առանց հայ լեզւի կենարար ներկայութեան, հայ մշակոյթը կը դադարկւի իր ճշմարիտ պարունակութիւնից: Հայրենիքի, հաւատքի ու մշակոյթի կողքին, ազգի գոյութեան, ամրապնդման ու պահպանման մէջ մեր լեզուն էլ ճակատագրական դեր ունի: Լեզուն է, որ սնուցում է ազգի ինքնութեան արմատները, լեզուն է որ ազգի ամբողջութիւնն ու յաւերժութիւնն է երաշխաւորում… Հայ ընտանիքի կողքին, հայ դպրոցն է հանդիսանում հայ լեզւի պաշտպանութեան անառիկ միջնաբերդը, հայ լեզւի տարածման առաքեալը, հայ լեզւի յաւերժացման աղբիւրը»: 

Սոյն մրցոյթի իրաւարար կազմի անդամներն էին՝ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի փոխատենապետ Արթին Քեշիշեանը, «Քանանեան» դպրոցի ուսուցչուհի Անահիտ Թահմազեանը եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Մշակութային միաւորի «Կռունկ» գրական խմբի անդամուհի Գայիանէ Եղիազարեանը: Յատկանշական է, որ աշակերտների ազատ խօսքի զարգացման եւ դաստիարակչական նպատակներով, նշանակւել էր նաեւ աշակերտական իրաւարար կազմ, որին անդամակցում էին Նարեգա Սիմոնեանը, Նազելի Ղարիբեանը, Փրենի Ղազարեանը, Վերգինէ Համբարձումեանը եւ Սելին Խոջեմալը:

Մասնակիցների նիւթերն ընտրւել էին Ցեղասպանութեանն առնչւող հիմնախնդիրներից եւ Նոր Ջուղայի պատմութեան դրւագներից, իսկ ելոյթների հերթականութիւնը ճշտւել էր վիճակահանութեամբ, հետեւեալ կարգով.

Արփա Մարգարեան` «Նոր Ջուղայի որմնանկարչութիւններ».

Լիլիան Ասատրեան` «Հայոց Ցեղասպանութեանն անդրադարձ կատարած ‎ֆիլմեր».

Նարէ Վարդանեան` «Միջազգային մամուլը, կապւած Հայոց Ցեղասպանութեան հետ».

Արինէ Իսաղուլեան` «Նոր Ջուղայի հայոց գերեզմանատուն».

Նազէ Ասատրեան` «100 լոյս« 100 կեանք».

Վանէ Թահմազեան` «Ս.Ա. Վանքի Մայր տաճար».

Շաղիկ Մատթէոսեան` «Մշակութային եղեռն».

Արսինէ Յովսէփեան` «Հայ վրիժառուներ».

Վանէ Յարութիւնեան` «Հրանտ Դինք».

Ելոյթների աւարտին դպրոցի փոխտեսուչը շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց, ովքեր օժանդակել են աշակերտուհիներին իրենց նիւթերի պատրաստման գործում եւ յատկապէս իրաւարար կազմին՝  այս դժւարին պարտականութիւնը ստանձնելու համար:

Երեկոյի շարունակութեան մէջ յանուն թեմի Կրթական խորհրդի արտայայտւեց Սաթօ Աւետումեանը, որը գնահատելով նախաձեռնութիւնը եւ աշակերտական ելոյթները՝ նշեց. «Հայ աշակերտը հայոց դպրոցում ստանում է հայեցի դաստիարակութիւն, զարգանում է բարձր գաղափարներով եւ յայտնաբերելով իր ունակութիւնները, ձեռք է բերում ինքնավստահութիւն՝ ապագայում լաւ հայ ու լաւ պատանի դառնալու եւ յատկապէս իր ընտանիքի ու ազգի համար պատւաբեր անձ լինելու համար»: 

Այնուհետեւ դպրոցի Ծնողական խորհրդի հիւրասիրութեամբ ընդմիջւեց ծրագիրը, որի ընթացքում իրաւարար կազմն առիթ ունեցաւ լուրջ մասնագիտական քննարկում անցկացնել ելոյթների գնահատման ուղղութեամբ, իսկ ներկաներն էլ մտերմիկ զրոյցների ներքոյ միմեանց հետ իրենց տեսակէտները փոխանակեցին նիւթերի եւ դրանց ներկայացման ձեւի շրջագծում:  

Դադարից յետոյ իրաւարար կազմի խօսնակ Գայիանէ Եղիազարեանը բացատրելով  կատարումների գնահատման համար նկատի առնւած չափանիշերի մասին, յայտարարեց, որ երեք լաւագոյն մասնակիցներեն են ճանաչւել՝ Նարէ Վարդանեանը, Նազէ Ասատրեանը եւ Շաղիկ Մատթէոսեանը:

Ապա աշակերտական իրաւարար կազմի անունից արտայայտւեց Վերգինէ Համբարձումեանը, որը գնահատելով բոլոր մասնակիցների համարձակ ելոյթները,  իրենց կողմից լաւագոյնը ճանաչեց Լիլիան Ասատրեանին:

Լաւագոյն ճարտասանողներին յանձնւեց յուշանւէրներ, իսկ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական  յանձնախմբի կողմից բոլոր մասնակիցներին` գնահատագրեր:

Վերջում յանուն Սպահանի հայոց թեմի Հայոց Ցեղաասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի իր խօսքը փոխանցեց Արմինէ Սիմոնեանը, ով գնահատեց սոյն մրցոյթի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, ապա ակնարկ ունենալով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղութեամբ վերջին ձեռքբերումներին, «Քանանեան» դպրոցի այս նախաձեռնութիւնը նոյնպէս 100-ամեակի շրջագծում աշխարհում բարձրացած փոթորիկի մասնիկը համարեց: