Նախաձեռնութեամբ Հայ Ուսում. Չհարմահալ միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութեան, ուրբաթ՝ ապրիլի 17-ի երեկոյեան ժամը 7-ին, նոյն միութեան հաւաքատեղիում Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած դասախօսական երեկոյ իրականացւեց՝ Տ. Արտակ աբղ. Արաբեանի դասախօսութեամբ: Ծրագրին որպէս ունկնդիրներ ներկայ էին՝ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Արշալոյս Խուդավերդեանը, Փերիոյ Կրթ. Միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Հայկ Հայրապետեանը, միութեան անդամ-ուհիները եւ մի շարք հրաւիրեալներ:

Որպէս նախաբան միութեան կրտսեր անդամուհիներից Վեհանուշ Խուդաբախշեանը ասմունքեց Յովհաննէս Թումանեանի «Հոգեհանգիստ» բանաստեղծութիւնը, ապա մասնաճիւղի վարչութեան նախագահ Սերոժ Վարդանեանը ողջունելով ներկաներին, շեշտեց, որ իւրաքանչիւր հայ պարտականութիւն ունի «Յիշում եմ եւ պահանջում» նշանաբանի ներքոյ իր լուման ներդնի պահանջատիրական պայքարում՝ իր ձայնը միացնելով համայն հայութեան արդար ձայնին: 

Այնուհետեւ օրւայ դասախօսական ելոյթով հանդէս եկաւ Տ. Արտակ աբղ. Արաբեանը, ով սկզբում անդրադառնալով «Ցեղասպանութիւն» բառին, որն առաջին անգամ օգտագործւել է Ռաֆայէլ Լեմքինի միջոցով, իր խօսքը շարունակեց պատմական ակնարկ ունենալով Հայոց Ցեղասպանութեանը՝ յատկապէս շեշտելով այդ տարիներին Արեւմտահայաստանի տարածքում ապրող հայութեան քաղաքական ու հասարակական վիճակը եւ հայութեան զանգւածային կոտորածների իրականացման դրտապատճառները: 

Հայր Սուրբն իր նիւթի շարունակութեան մէջ Ցեղասպանութիւնից վերապրածների յուշերից մէջբերումներ կատարելով՝ յիշատակեց նաեւ այն խորը տառապանքը, որը տեսել եւ զգացել են Ցեղասպանութեան ճիրաններից փրկւածները, ինչը յետագային փոխանցւել է սերնդէ սերունդ:

Ապա անդրադառնալով Դանիէլ Վարուժանի կեանքի անկիւնադարձային հանգրւաններին եւ նրա արժանիքների մասին այլազգի մտաւորականների վկայութիւններին, ասաց, որ Դանիէլ Վարուժանի գրութիւններում կարող ենք կարդալ ամբողջ հայոց պատմութիւնը եւ տեսնել սովորական հային: Նա աւելացրեց, որ Վարուժանի «Ցեղին սիրտը» հաւաքածուի մէջ ոչ միայն տեսնում ենք նրան որպէս հասունացած մարդ, այլեւ այնտեղ տեսնում ենք ազգային պայքարի մտաւորականի հասունութիւնն ու մտքի եւ գաղափարների բարձրացումը:  

Վերջում Հայր Սուրբն յորդորեց ընթերցել հայ մտաւորականների, ի մասնաւորի Դանիէլ Վարուժանի ստեղծագործութիւնները, քանի որ դրանց հետ կարելի է մեծանալ թէ մտաւորապէս եւ թէ հոգեպէս: 

Երեկոն աւարտւեց հիւրասիրութեամբ: