Հինգշաբթի՝ ապրիլի 30-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. "Արարատ" միութեան մարզասրահում, նախաձեռնութեամբ Սպահանի Հայոց Թեմի Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի Մշակութային միջոցառումների ենթայանձնախմբի, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի բազմահարիւր ժողովրդի ներկայութեամբ, դասախօսական-գեղարւեստական ձեռնարկ իրականացւեց՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին:

Ծրագրին ներկայ էին նաեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը, հոգեւորականաց դասը, Լիբանանից ժամանած ազգային-հասարակական գործիչ Վիգէն Աւագեանը եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու ազգային մարմինների անդամները:

Ծրագիրը մեկնարկեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական յանձնախմբի անդամ եւ Մշակութային միջոցառումների ենթայանձնախմբի աշխատանքների համակարգող Արմինէ Սիմոնեանի բացման խօսքով, ով սկզբում ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել Ցեղասպանութեան բիւրաւոր նահատակների յիշատակը:

Այնուհետեւ դասախօսական բաժնում իր բովանդակալից ելոյթով ներկայացաւ լիբանանահայ ազգային-հասարակական գործիչ Վիգէն Աւագեանը, ով պատմական ակնարկ ունեցաւ Հայոց Ցեղասպանութեանը, նշեց 100-ամեակի առթիւ Հայաստանում եւ Սփիւռքում իրականացւած միջոցառումները եւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ու դատապարտման շրջագծում վերջերս արձանագրած յաջողութիւնները՝  կարեւորութեամբ ընդգծելով այս ուղղութեամբ հայ ժողովրդի ապագայ անելիքները:

Յաջորդիւ, գեղարւեստական-վաւերագրական ծրագիր բեմականացւեց՝ "100-րդ  ակնթարթ. Յիշողութիւն վէրքի, խոյանք  վերելքի" խորագրով, որը հաւատարիմ մնալով յանձնախմբի կողմից ճշտած սկզբունքներին, յաջողւել էր ի մի բերել Նոր Ջուղայի բոլոր միութիւնների մշակութային խմբերին, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի երգչախմբերին եւ 100-ամեակի միջոցառման համար իրենց պատրաստակամութիւնը յայտնած բազմաթիւ երիտասարդների ու դպրոցական աշակերտ-ուհիների, ինչը համապատասխանում էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակը նշելու համազգային ըմբռնումին ու տարողութեանը: Ծրագրի իրականացման գործում իրենց ջերմ պատրաստակամութեամբ եւ յանձնառութեամբ մասնակից էին շուրջ 130 անհատներ:

Գեղարւեստական բաժնում անզուգական համադրութեամբ, երգերին ու պարային եւ թատերական ելոյթներին միաձուլւած էր փաստագրական նիւթերի, տեղեկութիւնների եւ ֆիլմերի փոխանցումը, որոնք մատուցւեցին հետեւեալ հինգ դրւագների ներքոյ.

Խոնարհում Մեծ Եղեռնի սրբազան նահատակների յիշատակին.

Նեմեսիս, վրէժի ու արդարութեան առաջին պոռթկումները՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան յանցագործների դէմ.

Հայ Ժողովրդի արեան մելանով գրւած օրէնքը՝ ցեղասպանութիւնները կանխելու եւ պատժելու համար եւ մեր պահանջների իրաւացիութիւնը.

Մեր անչափելի կորուստները՝ որպէս ապրող գոյութիւն.

Յիշում եմ եւ պահանջում:

Ողջունելի էր նաեւ ծրագիրը մանուկ-պատանիներով մեկնարկելու եւ աւարտը նոյնպէս նրանցով եզրափակելու մտայղացումը, ինչպէս նաեւ Ցեղասպանութեան մեր կորուստների ներկայացման ձեւը, որպէս ապրող, կենսունակ ու ստեղծագործող ազգի պատկերներ, որը Եղեռնից յետոյ ուժ եւ կամք կուտակելով ու միաւորւելով Հայաստանում եւ Սփիւռքում, այլեւս իր պահանջներն է ներկայացնում աշխարհին:

Դասախօսական-գեղարւեստական երեկոն եզրափակւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի հայրական պատգամով:

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան