Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան նախաձեռնութեամբ Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կազմակերպւող ձեռարւեստի ամենամեայ գարնանային ցուցահանդէս-վաճառքի բացումը կատարւեց հինգշաբթի՝ մարտի 19-ի առաւօտեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի ձեռամբ, որին ընկերակցում էին Տ. Արտակ աղբ. Արաբեանը եւ թեմի Կրօնական խորհրդի անդամներ՝ Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը,  Արշալոյս Խուդավերդեանն ու Գարեգին Մարկոսեանը: Բացման ծրագրին ներկայ էին նաեւ միութեան անդամուհիները եւ համայնքի անդամներ:

Սոյն ցուցահանդէս-վաճառքում ցուցադրւել էին սեղանի եւ մահճակալի մեծ ու փոքր ծածկոցներ, ձմեռային գործվածքներ, զարդեղէններ, տիկնիկներ, մազ յարդարելու պարագաներ եւ հայկական աւանդական թխւածքներ, որը լաւագոյն առիթը հանդիսացաւ, որպէսզի իրանական «Նորուզ»-ի առթիւ Ս. Ա. վանք այցելող զբօսաշրջիկները մօտկից ծանօթանան հայկական բարձրաճաշակ եւ անզուգական ձեռարւեստին: Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի առիթով միութեան կողմից պատրաստւել էին անմոռուկ ծաղկի պատկերով ինքնագրեր, որոնք համապատասխան բացատրականի հետ տրամադրւում էին բոլոր այցելուներին: 

Հարկ է նշել, որ Հայ Կանանց Գթութեան միութիւնն ամենամեայ այս նախաձեռնութեան շահը յատկացնում է բարեգործական եւ մարդասիրական աշխատանքների իրականացմանն ու համահայկական բնոյթ կրող ծրագրերին: 

Ցուցահանդէս-վաճառքն իր աշխատանքը շարունակեց մինչեւ մարտի 31-ը եւ նշւած 13 օրերի ընթացքում միութեան անդամուհիներն իրենց սիրայօժար գործունէութեամբ ջանք չխնայեցին ծրագրի լաւագոյն կազմակերպման համար: