Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան, ապրիլի 7-ի երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, Մայրութեան եւ գեղեցկութեան տօնի առթիւ, սրբութեան եւ նւիրումի խորհրդանիշ հայ մայրերի մեծարման նպատակով, իրականացւեց ձեռնարկ, որը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին: Ծրագրին ներկայ էին Տ. Արտակ աբղ. Արաբեանը, թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի, հայոց ագզային դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչներն ու հոծ բազմութիւն:

Սկզբում հնչեց «Տէր Ողորմեա» երգը, որին յաջորդեց Տէրունական աղօթքը: Այնուհետեւ ներկաներին ջերմ ողջունեց հանդիսավարուհի Վեհանուշ Խուդաբախշեանը, ով ակնարկելով հայ մօր կարեւորագոյն դերակատարութեանն ընտանիքում եւ ազգի պատմութեան կերտման գործում, այս գեղեցիկ առիթի կապակցութեամբ շնորհաւորեց բոլորին՝ ի մասնաւորի դահլիճում ներկայ մայրերին:

Առիթին պատշաճ արտայայտւեց օրւայ բանախօս դոկտ. Սիլւա Ալլահվերդեանը: Նա նոյնպէս շնորհաւորելով ներկաներին Ս. Յարութեան եւ Մայրերի տօների առթիւ, իր բանախօսական նիւթը ծաւալեց անդրադառնալով հայ մօր կերպարին մեր գրականութեան մէջ եւ նրան բնորոշող յատկութիւններին` հերոսականին եւ ողբերգականին:

Դոկտ. Ալլահվերդեանն սկզբում ներկայացրեց նախաքրիստոնէական շրջանի մայրութեան աստւածուհի Անահիտին, ապա անդրադարձաւ հայոց պատմութեան մէջ մեծ դերակատարութիւն արձանագրած հայուհիներին՝ թագուհիներին, կոյսերին եւ հերոսուհիներին: 

Բանախօսն անցում կատարելով միջնադարեան գրականութեանը, նշեց որ այս փուլում հոգեւոր գրականութիւնից բացի սկիզբ է առել աշխարհիկը եւ ներկայացրեց Գրիգոր Նարեկացու «Ծննդեան մեղեդի» տաղը, որում նկարագրւած գեղեցիկը` բնորոշում է Ս. Կոյս Մարիամին: Ներկայացւեց նաեւ Մայր Հայաստան դիմառնութիւնը եւ Մայր Հայաստան արձանը, որտեղ հայ մայրը փոխան իր զաւակի իր գիրկն է առել սուրը, որը պիտի փոխանցի իր որդուն` հայրենիքը պաշտպանելու համար: 

Ահա մի հատւածի մէջբերում բանախօսական ելոյթից. 

«19-րդ դարի 50-60-ական թւականներին ակնառու են զինեալ պայքարները Սասունի, Զէյթունի եւ այլուր, որոնցում դարձեալ դերակատար են եղել հայ արի կանայք, որոնք իրենց ամուսիններին ու որդոց ուղարկել են պատերազմի դաշտ եւ հարկ եղած պարագային իրենք զէնք վերցրել եւ նաեւ յանձն առել պայքարների հրամանատարութիւնը: Նոր գրականութեան շրջանը սկիզբ է առել արեւելահայերէնում` Խաչատուր Աբովեանից եւ արեւմտահայերէնում` Ղեւոնդ Ալիշանից: Սակայն Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով արմատախիլ եղաւ արեւմտահայ այն գրականութեան աճը, որը կարդալով ապշել կարելի է, որը ունէր երիտասարդ, բայց ճարտար գրողներ` Սիամանթօն, Վարուժանը եւ ....: Սա Հայոց Ցեղասպանութեան թողած հետքերն են մեր գրականութեան վրայ»:

Դոկտ. Ալլահվերդեանն իր խօսքն աւարտեց Յովհաննէս Շիրազի «Դանթէական առասպել» ստեղծագործութեան մի հատւածով, որտեղ ներկայացնում էր թէ ինչպէս հայ մայրը համառօրէն անապատի աւազների վրայ անգամ հայ գրերն է ուսուցանել իր զաւակներին: Յատկանշելի է, որ բանախօսութեան ընթացքում ցուցադրւում էին համապատասխան պատկերներ:

Բանախօսութեանը յաջորդեցին գեղարւեստական համարները, դերակատարութեամբ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի` ղեկավարութեամբ դոկտ. Սիլւա Ալլահվերդեանի, դաշնակահար եւ խմբավար Համիկ Ալեքսանդրեանի, ազգային-յեղափոխական երգերի կատարող` Արթին Քեշիշեանի, Թեհրանից հրաւիրւած երգչուհի Մելանիա Աւանէսեանի եւ Թեհրանի «Զարթօնք» պարախմբի` Լորետա Աւանէսեանի պարուսուցմամբ:

Ծրագրի ընթացքում հնչեցին բանաստեղծական կտորներ, որոնք ասմունքեցին Վանա Զոհրաբեանը, Նարեգա Սիմոնեանը, Մեղրի Կարապետեանը, Վանիա Պետրոսեանը, Վանէ Շահնազարեանը եւ Վանէ Թահմազեանը: Մելանիա Աւանէսեանը երգեց «Դու ինձ օրհնիր», «Կիլիկիա» եւ «Միասնութեան շուրջպար» երգերը, Արթին Քեշիշեանը նւագակցութեամբ Համիկ Ալեքսանդրեանի կատարեց «Ախպէրս ու ես» երգը՝ այն նւիրելով Արցախեան պատերազմի նահատակներին, իսկ Համիկ Ալեքսանդրեանը կատարեց մօրը նւիրւած մի երգ: Պարային համարներ իրականացւեցին «Զարթօնք» պարախմբի միջոցով, որոնց զուգահեռ հնչեցին ասմունքներ Սիփան Մկրտումեանի կատարմամբ: Գեղարւեստական համարներն ընդմիջւում էին տեսանիւթերով եւ դրանց զուգահեռ ընթերցւող բանաստեղծութիւններով, որոնք ներկայացնում էին Հայոց Ցեղասպանութիւնից դրւագներ եւ Հայոց պատմութեան ակնառու կանանց: 

Գեղարւեստական յայտագրով ծրագիրը ներկաների կողմից արժանացաւ բարձր գնահատանքի, դերակատարներն արժանացան հանդիսատեսի շարունակական ծափողջոյններին եւ ընկերութեան կողմից նրանց յանձնւեց շնորհակալագրեր: 

Հանդիսութեան աւարտին իր պատգամը փոխանցեց Տ. Արտակ աբղ. Արաբեանը, ով կնոջը ներկայացնելով դիցաբանական եւ պատմաբանական տարբեր հոլովոյթներում, ասաց. «Կանայք պատմութեան մէջ եղել են աստւածուհիներ, թագուհիներ եւ իշխանուհիներ, բայց ամէն բանից առաջ նրանք եղել են մայրեր: Մենք մեր գոյութիւնը պարտական ենք մայրերին, իսկ որպէս հայորդիներ մեր ներկայութիւնն ու գոյութիւնը պարտական ենք հայ մայրերին... Մայրութիւնը ժամանակ չի ճանաչում եւ ամէն բանի սկիզբն ու աւարտը մայրն է»: Նա փոխանցեց նաեւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի շնորհաւորանքներն առիթի կապակցութեամբ եւ հայրական գնահատանքն ու գովասանքը՝ Հայուհեաց Բարեգործական ընկերութեան այս գեղեցիկ քայլի համար:

Հարկ է նշել, որ սոյն ձեռնարկի իրականացման համար Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը վայելել էր բոլոր դերակատարների սիրայօժար համագործակցութիւնը: